Վիճակը կայուն ծանր է. Արցախում վիրավորված զինծառայողներից եւս մեկին կտեղափոխեն Երեւան
ОБЩЕСТВОԱրցախում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից եւս մեկին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, կտեղափոխեն Երեւան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ այդ զինծառայողի վիճակը կայուն ծանր է:
«Մյուս 6 զինծառայողների վիճակը կայուն է, բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Հիշեցնենք, որ զինծառայողներից Արման Ստեփանյանը եւ Արկադի Մուրադյանը տեղափոխվել են հիվանդասենյակ, մյուս 4-ը դեռ Վերակենդանացման բաժանմունքում են:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով մահացու վիրավորվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Մարտակերտի, Ստեփանակերտի եւ Երեւանի հոսպիտալներում գտնվում է 16 վիրավոր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



