Մենք ոչ մեկից օգնություն չենք խնդրում, բայց եթե օգնություն է առաջարկվում, ապա մենք չենք հրաժարվում և շնորհակալ ենք լինում. Բաղանիսի գյուղապետ
ИНТЕРВЬЮ
Facebook սոցիալական ցանցում «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնող խումբը շարունակում է ստորագրահավաքը՝ կոչ անելով Երևանի քաղաքապետարանին, որպեսզի «Էրեբունի-Երևան» տոնակատարությունների ամբողջ բյուջեն կամ դրա որոշ մասը տրամադրվի սահմանամերձ բնակավայրերին:
Past.am-ի հետ զրույցում Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն ասաց, որ դրական վերաբերմունք ունի այդ նախաձեռնությանը:
«Մենք ոչ մեկից օգնություն չենք խնդրում, բայց եթե օգնություն է առաջարկվում, ապա մենք չենք հրաժարվում և շնորհակալ ենք լինում»,- նշեց պարոն Սահակյանը և հավելեց, որ շատ գեղեցիկ և անհրաժեշտ նախաձեռնություն է:
Ըստ նրա՝ վերջին տարիներին պետությունը սահմանամերձ համայնքներին տվել է արտոնություններ, բայց այսօր այդ բնակավայրերը պետության ամենախոցելի և փխրուն համայնքներն են:
«Բոլորիս պարտականությունն է օգտակար լինել: Սա ասում եմ ոչ որպես այդ բնակավայրերից մեկի բնակիչ, այլ առհասարակ, եթե սահմանն ամուր է, պետությունը նույնպես ամուր է: Ոչ ոք մեղավոր չէ, որ ծնվել է սահմանամերձ կամ ոչ սահմանամերձ բնակավայրում: Պետք բոլորս օգտակար լինենք: Այն մարդիկ, ովքեր մատների արանքով են նայում մեր խնդիրներին, գաղափար չունեն սահմանից և չեն պատկերացնում, որ այստեղ շատ անհրաժեշտ են այդ հատկացումները»,- ընդգծեց Բաղանիսի գյուղապետը:
Մեր զրուցակիցը գովեստի խոսքեր հնչեցրեց այսօրվա երիտասարդության հասցեին՝ նշելով, որ նրանք լավն են, գեղեցիկ և նախաձեռնող: Ըստ նրա՝ ժամանակն է, որպեսզի խորհրդային սերունդն իր տեղը զիջի երիտասարդներին: Գյուղապետը վստահ է՝ անկախության սերունդը պատվով կկրի այդ բեռը:
Լևոն Փանոսյան




















































