Կարուսելը նորմալ ամրացված չի եղել եւ շուռ է եկել 12-ամյա երեխայի վրա. մանրամասներ
ОБЩЕСТВОԵրեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կարուսելը շուռ է եկել 12-ամյա աղջկա վրա, նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մալաթիա հիվանդանոց, սակայն ճանապարհին մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության Մալաթիայի բաժնից: Երեխան ապրում է Ռոմանս Մելիքյան հասցեում: Դեպքի առթիվ նյութեր է նախապատրաստվում: Մեր տեղեկություններով՝ կարուսելը նորմալ ամրացված չի եղել, այդ պատճառով էլ շուռ է եկել երեխայի վրա:
Մալաթիա բժշկական կենտրոնից էլ NEWS.am-ին փոխանցեցին, որ երեխային բերել են անծանոթ մարդիկ, ովքեր ասել են, որ կարուսելից է ընկել, քիչ անց հիվանդանոց է եկել նաեւ մայրը: 12-ամյա աղջկա մոտ արձանագրվել է սրտի կանգ, կենսաբանական մահ, ցավոք, մոտ մեկ ժամ շարունակ իրականացված ռեանիմացիոն միջոցառումները անարդյունք են եղել: Իսկ թե ինչ էին ասում հարազատները դեպքի մասին, բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ընդամենը հայտարարում էին, թե կարուսելից է ընկել կամ էլ կարուսելն է ընկել, հստակ ոչինչ չէին ասում:
Իսկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց , որ բակային ատրակցիոնները գտնվում են թաղապետարանի ենթակայությամբ, իրենք որեւէ կերպ առնչություն չունեն դրանց հետ: «Բակային ատրակցիոները տեխնիկայի հետ կապ չունեն: Դրանք ոչ գրանցվում է, ոչ փորձաքննություն են անցնում, դրանք գործարանային արտադրվում են իրենց նախագծերով, անձնագրերով»,-հայտնեց Վլադիմիր Հովսեփյանը:
Մեկնաբանության համար դիմեցինք նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների թաղապետարանից, որտեղից խոստացել են մեզ պարզաբանումներ փոխանցել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին ողբերգական դեպք է եղել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Բակում խաղալիս խաղահրապարակի կարուսելից ընկել եւ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել 12-ամյա մի աղջիկ։ Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը երեխային տեղափոխել է բժշկական կենտրոն, սակայն հիվանդանոցի ճանապարհին երեխան մահացել է։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում։ Մեր տեղեկություններով, խաղահրապարակը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ, իսկ կարուսելներն վերջերս էին տեղադրել այդ տարածքում։



