Պատգամավորների կոնկրետ թվաքանակ Սահմանադրությամբ չնախատեսելը հետագայում քաղաքական «առևտրի» հնարավորություն է ստեղծում. Տիգրան Սարգսյան
ИНТЕРВЬЮ
Սահմանադրական փոփոխությունների նախագծով Ազգային ժողովի կառուցվածքում նախատեսվում է ստեղծել նոր կառուցվածքային միավորներ, որոնց բնույթի և գործառույթների մասին Past.am-ը զրուցել է «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանի հետ:
- Պարոն Սարգսյան, նախ պարզենք, թե քանի՞ պատգամավոր կունենանք սահմանադրական փոփոխությունների արդյունքում:
- Նախագծի 89-րդ հոդվածի համաձայն ՝ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից: Փորձ է արվում պատգամավորների նվազագույն քանակը կարգավորել Սահմանադրությամբ, իսկ առավելագույն քանակը թողնել օրենսդրական կարգավորման վրա: Սա, կարծում եմ, ռիսկային է: Պատգամավորների կոնկրետ թվաքանակ Սահմանադրությամբ չնախատեսելը հետագայում քաղաքական «առևտրի» հնարավորություն է ստեղծում: Ցանկալի է պատգամավորների նվազագույն քանակի հետ միաժամանակ սահմանել նաև պատգամավորների առավելագույն քանակը: Սա կարող է քաղաքական «առևտուրը» գոնե սահմանափակել որոշակի տրամաբանության մեջ:
-Ինչպե՞ս է տեղի ունենալու վարչապետի պաշտոնի նշանակումը: Հասարակությունը նախքան խորհրդարանի ձևավորումը տեղյա՞կ է լինելու կուսակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների մասին:
-Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են ներկայացնել վարչապետի իրենց թեկնածուին և կառավարության ծրագրի հիմնադրույթները, իսկ մանրամասները սահմանվելու են Ընտրական օրենսգրքով:
-Ի՞նչ նոր կառույցներ են նախատեսվում Ազգային ժողովում:
- Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովում ձևավորվում է Ազգային ժողովի խորհուրդը, որը կազմված է լինելու ԱԺ նախագահից, նրա տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Սա, ընդհանուր առմամբ,վատ գաղափար չէ: Նոր կառույց է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Ըստ նախագծի՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով հասարակական նշանակություն ունեցող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողովին ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: «Իրավունքի ուժով» ասելով՝ հասկանում ենք այն, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման համար որևէ որոշում չի պահանջվում: Այն համարվում է ստեղծված, եթե առկա է հասարակական նշանակություն ունեցող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողովին ներկայացնելու անհրաժեշտություն: Կարծում եմ, նման անորոշ ձևակերպումները հակասում են իրավական որոշակիության սկզբունքին:
Հարց է առաջանում՝ ո՞վ պետք է գնահատի փաստերի հասարակական լինել-չլինելը կամ ինչպե՞ս կարելի է չսահմանել նման հանձնաժողովի ձևավորման կարգը: Սրանք խնդիրներ են, որոնք կարող են կառավարման ճգնաժամ առաջացնել: Այս նախագծով Ազգային ժողովում կարող են ստեղծվել կարգավորող հանձնաժողովներ: Այս հանձնաժողովներին տրվել է գործադիրին հատուկ գործառույթներ, ինչի արդյունքում խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը: Կարծում եմ՝ նման վտանգավոր նախաձեռնություններից պետք է հրաժարվել:
Լևոն Փանոսյան




















































