Նիդեռլանդների վարչապետ. Թուրքիան պետք է ներողություն խնդրի
МЕЖДУНАРОДНОЕՆիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից պահանջել է ներողություն խնդրել վերջերս արած արտահայտությունների համար: «Թուրքիան պետք է ներողություն խնդրի հոլանդացիներին նացիստների հետ համեմատելու համար»,- կիրակի՝ մարտի 12-ին, հայտարարել է Ռյուտեն: Այս մասին հայտնում է DW-ն:
Թուրքիայի նախագահի խոսքն անընդունելի է եւ չի նպաստում լարվածության թուլացմանը, կարծում է Ռյուտեն: Նա նշել է, որ եթե Թուրքիան «նույն ոգով շարունակի», Նիդեռլանդները ստիպված կլինի պատասխան միջոցառումների մասին մտածել:
Նախօրեին՝ մարտի 11-ին, Էրդողանը Նիդեռլանդների իշխանություններին «ֆաշիստներ» էր անվանել, քանի որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուին արգելվել էր երկիր մտնել: Հաջորդ օրը Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Նիդեռլանդները «բանանային պետության նման է» գործում, եւ միջազգային կազմակերպություններին առաջարկել էր Հաագայում կառավարության դեմ պատժամիջոցներ սահմանել: Չավուշօղլուն Ֆրանսիայում Նիդեռլանդները «ֆաշիզմի մայրաքաղաք» էր անվանել:



