Ամբողջ պետությունը մեր դեմ է դուրս եկել 2015 թվականից, բայց վախենալ պետք չէ. Գագիկ Ծառուկյան
ПОЛИТИКА«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շարունակում է մարզային քարոզարշավը: Past.am-ի փոխանցմամբ՝ այսօր նա հանդիպել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի բնակիչների հետ:
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ իրենց ծրագրի 15 կետերը հնարավոր է մեկ ամսում կյանքի կոչել՝ հետագայում անցնելով գլոբալ խնդիրներին: ԲՀԿ նախագահն ասաց, որ ձայն խնդրելու համար չի եկել: Նա հորդորեց «խաթրի համար» չքվեարկել: «Ձեր տունը քանդողը գյուղապետերն են, ովքեր իրենց պաշտոնը պահելու համար, իրենց կեղծիքները թաքցնելով, ձեզ համոզում են, որ իրենց ընտրեք, մնան պաշտոնին»,- նշեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը:
Բնակիչներից մեկը գոռաց, թե վախենում են: Ծառուկյանը պատասխանեց. «Մի՛ վախեցեք, ամբողջ պետությունը մեր դեմ է դուրս եկել 2015 թվականից, բայց վախենալ պետք չէ: Որոշողը դուք եք, հետո չասեք՝ վա՜յ, իշխանափոխություն չի լինում: Կրկնում եմ՝ ես չեմ ասում հենց ինձ ընտրեք, բայց ընտրեք ուզելով, ոչ թե վախենալով: Ոչ մեկին չմեղադրեք, ում կհավատաք՝ նրան էլ կընտրեք»:
Լևոն Փանոսյան



