Չուլջյանը Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններում աջակցություն է հայտնել Բեքչյանիին
ОБЩЕСТВОԳուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը հայտնել է, որ Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններում աջակցում է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականին տրամադրած հայտարարության մեջ Չուլջյանը կոչ է արել պատրիարքարանի հոգևորականներին ևս աջակցել Բեքչյանին:
«Վստահ եմ, որ իմ հոգևոր եղբայրը իրեն տրված պարտականությունները կիրականացնի ամենասեղմ ժամկետում անկողմնակալությամբ և արդարադատությամբ»,- ասել է նա:
Չուլջյանը տեղեկացրել է նաև, որ տեղապահի ընտրությունից հետո որպես Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածու կմեկնի Ստամբուլ` հանդիպելու տեղի հայերին: «Միշտ երջանիկ եմ եղել այցելել Ստամբուլ և Թուրքիայի տարբեր հատվածներ, հանդիպել մեր հավատավոր ժողովրդի հետ: Զբաղվածությանս պատճառով Թուրքիա այցելում եմ ոչ շատ հաճախ»,- նշել է նա:
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը: Տեղապահի ընտրություններում թեկնածություն են ներկայացրել երեք հոգևորական` Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթշեյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագա հ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Ընտրությունների ժամանակ քվեարկությունը կիրականացվի դռնփակ կարգով` պատրիարքարանի 30 հոգևորականի կողմից: Պոլսո պատրիարքի տեղապահ կընտրվի այն թեկնածուն, որը կստանա առավելագույն ձայները:
Ընտրված տեղապահը ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Տեղապահի ընտրությունից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թողնելու է փոխանորդի իր պաշտոնը:



