«Շնայդեր էլեկտրիկ»-ը և «Տաշիր» խումբը Հայաստանում համատեղ արտադրություն կհիմնեն
ОБЩЕСТВОՖրանսիայի ձեռնարկությունների շարժում կազմակերությունում (ՄԵԴԵՖ) մարտի 8-ին տեղի է ունեցել «Տաշիր ընկերությունների խմբի», «ՀԷՑ» ՓԲԸ-ի և «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերությունների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողություն, որին ներկա է գտնվել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, «Տաշիր» խմբի փոխանախագահ Կարեն Դարբինյանը տեղեկացրեց, որ հուշագրով նախատեսվում է «Շնայդեր էլեկտրիկի» հետ Հայաստանում համատեղ արտադրության ստեղծում: Արտադրության վերջնարդյունքը լինելու են ցանր լարման վահաններ:
«Ցածր լարման սարքավորումները Հայաստանում 1950-60-ական թվականների են: Դրա հետ կապված ունենք շատ մեծ խնդիրներ թե՛ լարման տատանումների, թե՛ վթարների հաճախակիության մասով: Այս համագործակցությունը մեզ բավականին կօգնի: Խորհրդային հին սարքավորումները փոխարինվելու են «Շնայդեր էլեկտրիկի» սարքավորումներով: Այդ ընկերությունն այս բնագավառում համարվում է համաշխարհային առաջատար»,- նշեց Կարեն Դարբինյանը:
Նրա խոսքով` արտադրվելիք սարքավորումները հոսանքի լարման տատանման պահին անջատվելու են ու չեն թողնելու, որ տատանումների արդյունքում վնասվեն բնակիչների սարքավորումները:
«Շնայդեր էլեկտրիկ» ընկերության ԱՊՀ երկրների գծով տնօրեն Յոհան Վանդերպլացն էլ նշեց, որ իրենց արտադրանքն, անշուշտ, նախատեսված է հայկական շուկայի համար, սակայն հաշվի առնելով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը, երկիր գտնվում է բացառիկ դիրքում:
«Տաշիր» ընկերության հետ դիտարկում ենք արտադրության տեղայնացման հնարավորությունը Հայաստանում ոչ միայն հայկական շուկայի համար, այլև ողջ եվրասիական տարածքի համար, այսինքն` արտադրել Հայաստանում և արտահանել Եվրասիական միություն»,- ընդգծեց Վանդերպլացը:
Ֆրանսիական «Շնայդեր էլեկտրիկն» էներգետիկայի ոլորտում ավտոմատացման համաշախարհային առաջատարներից է: Կազմակերպությունը հիմնադրվել է դեռևս 1836թ-ին: Անցյալ տարի կազմակերպության շուկայական կապիտալիզացիան կազմել է 27 միլիարդ ԱՄՆ դոլար:



