Չավուշօղլուն կրկին քննադատությամբ է հանդես եկել Գերմանիայի հասցեին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին քննադատել է Գերմանիային:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Չավուշօղլուն հայտնել է, որ Գերմանիայի իշխանությունները օգտագործում են Անկարային ճնշելու բոլոր միջոցները, և թուրք քաղաքական գործիչներին չեն թույլատրում օգտվել իրենց իրավունքից և Գերմանիայում հանդես գալ նախընտրական քարոզչությամբ:
Չավուշօղլուն Գերմանիայի կառավարությանը քննադատել է թուրք քաղաքական գործիչների իրավունքները ոտնահարելու համար:
Գերմանիայի Համբուրգ քաղաքի Plaza Event Center սրահում նախատեսված Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը տեղի էր ունենալու սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում, չեղյալ էր համարվել: Տեղական իշխանության ներկայացուցիչը հայտնել է, որ միջոցառման սրահը փակվել է` հակահրդեհային համակարգում եղած բացերի պատճառով:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Համբուրգում ելույթ կունենա Թուրքիայի հյուպատոսարանի շենքում:
Համբուրգի միջոցառումից հետո Չավուշօղլուն կմեկնի Բեռլին, որտեղ կհանդիպի Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ:
Ավելի վաղ գերմանական տեղական իշխանությունները չեղյալ էին հայտարարել Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը Գերմանիայի Գագենաու քաղաքում:
Կատարվածի քննադատությամբ հանդես էր եկել նախագահ Էրդողանը, ով հայտարարել էր, թե Գերմանիան իր պահվածքով հիշեցնում է նացիստական ժամանակաշրջանում արված քայլերը:



