Գերմանիայի ձախերի կուսակցության համանախագահը կոչ է արել չմեկնել Թուրքիա հանգստանալու
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի Ձախերի կուսակցության համանախագահ Կատիա Քիփփինգը կոչ է արել բոյկոտ հայտարարել Թուրքիայի նկատմամբ և չմեկնել այնտեղ հանգստանալու, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Գերմանացի քաղաքական գործիչը նշել է, որ Գերմանիայի կառավարությունը չի կարող և չպետք է մտերիմ լինի բռնապետության հետ:
«Այդպիսի մի երկրի լողափերում արևայրուք ընդունելիս ինչպե՞ս կարող եք ձեզ հանգիստ զգալ», - ասել Քիփփինգը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթն ու հանդիպումը թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի և նախագահ Էրդողանի կողմից:



