«Պատիվ ունեմ ընդգրկված լինելու Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում». Ռոբերտ Սարգսյան
ПОЛИТИКАՀՀԿ թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի ուղերձը.
«Հարգելի՛ քաղաքացիներ, Ավանի, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի հարգելի՛ բնակիչներ, Պատիվ ունեմ ընդգրկված լինելու Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում՝ որպես թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու: Ավելին՝ այդ պատիվը կրկնակի է ինձ համար, որովհետև պատգամավոր ընտրվելու դեպքում ոչ միայն ներկայացնելու եմ հայրենիքի ու ժողովրդի ավանդական արժեքների վրա խարսխված քաղաքական ուժ, այլև Ազգային ժողովում լինելու եմ ձեր խոսնակն ու շահերի պաշտպանը, ինչը մեծ պատասխանատվություն է պետության, ընտրողների և Հանրապետական կուսակցության առջև:
Պատգամավորական իմ առաջին մանդատի շրջանակներում ավելի կարևորել եմ ընտրողներիս հետ անմիջական հանդիպումներն ու նրանց բարձրաձայնած ամենաբազմազան խնդիրներին իրավասություններիս չափով լուծումներ տալը: Այդ ամենն արել եմ մեծ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվության զգացումով և առանց ավելորդ խոսքեր շռայլելու: Կուտակածս փորձն ինձ վստահություն է ներշնչում առ այն, որ հետագա տարիներին մեր համագործակցության շնորհիվ մենք շարունակելու ենք պահպանել փոխվստահության աշխատանքային մշակույթը:
Նշում եմ «աշխատանքային մշակույթ», որովհետև կարծում եմ, որ ընտրող-պատգամավոր հարաբերությունը, բացի մարդկային հարաբերություն լինելուց, մի աշխատանք է, որի միակ նպատակը բոլորիս համար ընդունելի և զարգացած երկիր ունենալն է. հեռանկար, որը պահանջում է ջանքեր, ժամանակ, նվիրվածություն և բարեխղճություն: Մեր ընդհանուր աշխատանքը պետք է ձևակերպում ստանա ահա այս բանաձևի միջոցով, և այդ բանաձևն է, որ դնելու եմ իմ հետագա պատգամավորական աշխատանքի հիմքում: Վստահեցնում եմ, որ իմ որդեգրած սկզբունքներին հավատարիմ մնալով՝ շարունակելու եմ ակտիվ գործել հօգուտ մեր ընտրատարածքի բնակիչների, ի շահ մեր երկրի և ի բարօրություն մեր հայրենիքի:
Հարգանքով` Ձեր Ռոբերտ Սարգսյան»



