Հուսով եմ՝ մարդիկ ընտրությունները կընկալեն որպես մրցակցություն, ոչ թե հաշվեհարդարի թատերաբեմ. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
ПОЛИТИКАԱրդարադատության նախարար, Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը հույս ունի, որ քարոզարշավի ընթացքում այլեւս միջադեպեր չեն գրանցվի:
Այսօր՝ մարտի 5-ին, լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ինչպես է գնահատում ՀՀԿ-ականների մասնակցությամբ վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերին:
«Ուզում եմ հավաստիացնել, որ շատ հաճախ գուցե անձնական որեւէ հարաբերությունների սրումը, ինչը թերեւս ինչ որ առումով բնական է այս լարվածության ֆոնին, կարող է հանգեցնել այսպիսի իրավիճակների: Հուսով եմ՝ դրանք այլեւս չեն կրկնվի, եւ մարդիկ կկարողանան սա ընկալել որպես մրցակցություն, ոչ թե անձնական հաշվեհարդարի թատերաբեմ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է հատկապես Արարատի մարզում: Սկզբում ծեծկռտուք էր տեղի ունեցել Մասիսում ՀՀԿ-ական թեկնածուներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի միջեւ, մարտի 4-ին Արտաշատում արդեն ծեծկռտուքին հաջորդել էին կրակոցներ. այս անգամ ծեծկռտուք էին սարքել Ալիկ Սարգսյանի եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցները: Մեկ այլ դեպքում էլ դանակահարվել էր «Ծառուկյան» դաշինքի համախոհը, ըստ տարածված տեղեկությունների, դանակահարողը ՀՀԿ-ական թեկնածուներին աջակցողներից է եղել: Այս երեք դեպքով էլ քննություն է կատարվում: Իրավապահ մարմինները հերքում են, որ միջադեպերը քաղաքական ենթատեքստ ունեն:



