Հայաստանում մատուցվող ծառայությունների ծավալն ավելացել է
ОБЩЕСТВОՀայաստանում 2017 թվականի հունվարին ծառայությունների ծավալը կազմել է 96 մլրդ 220,5 մլն դրամ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի հունվարին այս նույն ցուցանիշը կազմել էր 89 մլրդ 245,7 մլն դրամ, ինչը նշանակում է, որ այս տարվա նույն ամսին դրանց ծավալն ավելացել է 12,1 տոկոսով:
2017 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կացության և հանրային սննդի կազմակերպման ծառայության ծավալն ավելացել է 25,5 տոկոսով` կազմելով 5 մլրդ 181,2 մլն դրամ:
Մշակույթի, զվարճությունների և հանգստի ծառայությունների ծավալն այս տարի կազմել է 20 մլրդ 882,4 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 14,2 տոկոսով:
Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում ծառայությունների ծավալը 2017 թ. հունվարին կազմել է 3 մլրդ 466,3 մլն դրամ` նախորդ տարվա համանուն ցուցանիշը գերազանցելով 9,9 տոկոսով:
Տեղեկատվության և կապի ծառայությունների ծավալը կազմել է 17 մլրդ 457,9 մլն դրամ` աճելով 8,8 տոկոսով: Իսկ տրանսպորտի ծառայությունների ծավալն աճել է 24,3 տոկոսով` կազմելով 11 մլրդ 828,8 մլն դրամ:
Վարչարարական և օժանդակ գործունեության ծավալը 2017 թվականի հունվարին կազմել է 3 մլրդ 673,2 մլն դրամ` նախորդ տարվա հունվարի 3 մլրդ 438 մլն դրամի փոխարեն. աճը կազմել է 4,4 տոկոս:
Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեությունների ծառայությունների ծավալը 2017 թվականի հունվարին կազմել է 3 մլրդ 553,7 մլն դրամ, ինչը նախորդ տարվա համանուն ցուցանիշը գերազանցում է 15 տոկոսով:



