Ավտոմեքենան ընկել է Արփա գետը
ОБЩЕСТВОԵրևան-Մեղրի ավտոճանապարհին, «Հարսնասար» ռեստորանի մոտակայքում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը, կան տուժածներ:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 109-րդ կմ-ում՝ «Հարսնասար» ռեստորանի մոտակայքում, Mercedes C class մակնիշի 34 RM 288 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր՝ 1983 թ. ծնված Զ. Զ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հայտնվել գետի հակառակ ափին:
Փրկարարները տուժածներին տեղափոխել են գետի մյուս ափ և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ-ում, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:



