Լևոն Շիրինյան. «Քաղաքական բեռնաթափում անելու դեպքում կշահի թե՛ Հանրապետականը, թե՛ պետությունը». «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ եթե խորհրդարանում «Հանրապետականը» բացարձակ մեծամասնություն կազմի, Վիգեն Սարգսյանը կստանա վարչապետի պաշտոնը:
«Խորհրդարանում ընդդիմություն չի լինելու: Սա է կարևորը: Իրական ընդդիմությունը ճաղերի ետևում է:
Մնացածը պետական–քաղաքական կյանքին մասնակցող տարբեր շահերի խմբերի պայքար է սոսկ: Քաղաքական կյանքի պայքար չկա: Ընդդիմություն չի լինելու, կլինի` տարբեր խմբերի սկզբունքային դիրքորոշումների պայքար:
Այս ամենը ոչ միայն Հայաստանի ներքին զարգացումներից է կախված, այլև Միացյալ Նահանգների պահանջից և ճնշումից: Եթե Թրամփի վարչակարգը Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի, կարծում եմ, որ «Բարգավաճը» առաջին տեղում կլինի: Համենայն դեպս, «Հանրապետականի» ու «Բարգավաճի» մանդատները կես–կեսի նման կլինեն»,– ասաց Շիրինյանը:
Ըստ քաղաքագետի` քաղաքական իմաստով պարտադիր է, որ ընտրությունները քաղաքականացվեն: Իսկ քաղաքականացնող կարող է լինել երկու դաշինք` «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» և «Ելք»:
Խորհրդարանում, ըստ նրա, կլինեն ուժային մի քանի կենտրոններ` «Հանրապետականն» ու «Բարգավաճը»՝ իրենց կցված պիգմեյներով: «Հայկական վերածնունդի» հավանականությունը Շիրինյանի համար դեռևս անհայտ է. «Չեմ կարող ասել հեռանկար ունի՞, թե՝ ոչ, որովհետև պարզ չէ պոպուլիզմի օգտագործումը հերթական անգամ կօգնի՞ իրենց, թե ոչ: Դե իսկ «Դաշնակցությունն» էլ առանց պետական օժանդակության չի կարող անցնել»:
Քաղաքագետը նկատում է, որ այս ընտրությունները երկու հատկանիշ ունեն` քաղաքական տարրի և մտավորականների բացակայությունը ցուցակներում:
«Փաստի» այն հարցին, թե ցուցակներից որում կան այնպիսի մարդիկ, ովքեր դրանց վարկանիշը կարող են բարձրացնել կամ տվյալ քաղաքական ուժի օգտին քվեարկելու հավանականությունը մեծացնել` քաղաքագետը պատասխանեց, թե բոլորի հնարավորությունները գրեթե նույնն են:
Ըստ Շիրինյանի` «Հանրապետականի» մեջ էլ կան մարդիկ, ովքեր համակրելի են և հեղինակություն ունեն:
«Այնպես չէ, որ այնտեղ ոչինչ չկա: Ինձ թվում է` բոլոր տեղերում էլ կան անուններ, որոնք հայտնի ու համակրելի են: Պարզ է, որ իշխող կուսակցության մեջ տհաճներն էլ պիտի լինեն: Բայց եթե դուք նկատել եք` «Հանրապետական» կուսակցությունն այն տհաճ անձնավորություններին, ովքեր հասարակության արդարացի զայրույթն են առաջացնում, վարպետորեն հետ է մղել:
Եթե «Ելք» ու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքների դիրքորոշումներն ուժեղ լինեն, «Հանրապետական» կուսակցության ղեկավարությունը հրաժարվելու է ծայրահեղ տհաճ դեմքերից, նույնիսկ հեռացումներ կլինեն: Քաղաքական բեռնաթափում կանեն: Որքան շատ բեռնաթափեն, այնքան շատ դրանից կշահի և՛ Հանրապետականը, և՛ պետությունը: Քաղաքականության մեջ սուրբ երդումներ չկան. վարչապետներն աճում են, գրեթե նախագահ դառնում, մեկ էլ` հայտնվում փոսի մեջ: Երկրում բարեկամական–ընկերական զգացմունքներով քաղաքականություն չպետք է վարել: Դա վատթարագույն քաղաքականությունն է»,– նշեց քաղաքագետը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



