Թուրքիայի քրդամետ կուսակցության պատգամավոր Բալուքենը կալանավորվել է
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Դիարբեքիրից ընտրված պատգամավոր, խորհրդարանական խմբակցության նախագահ Իդրիս Բալուքենը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken-ը:
Քրդամետ կուսակցության պատգամավորը կրկին ձերբակալվել էր փետրվարի 21-ին: Բալուքենի դեմ դատական գործ է հարուցվել «պետության միությունն ու երկրի ամբողջականությունը խախտելու», «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու», «հակաօրինական հավաքներ անցկացնելու» մեղադրանքներով: Նրան սպառնում է ցմահ և մինչև 15 տարվա ազատազրկում:
Ավելի վաղ` հունվարի 30-ին նա ազատ էր արձակվել անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով:
Բալուքենի կալանավորմամբ բանտում են գտնվում Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 13 պատգամավոր, այդ թվում և համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը:
Փետրվարի 21-ին հայտարարվել է Ֆիգեն Յուքսեքդաղին պատգամավորական մանդատից զրկելու որոշման մասին:



