Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ. Անի Ամիրյանը Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում է նկարահանվում
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է
Անի Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի ու իր լուսանկարով է կիսվել եւ այդպիսով ակնարկել սպասվելիք համատեղ աշխատանքի մասին:
«Շատ կարեւոր է, որ քեզ հավատում են, եւ Մհերը բացի դրանից եւ դրանից առավել ստիպեց, որ ես ինձ հավատամ: Արդյունքը` շուտով: Շնորհակալ եմ»:
Ահա այս գրառմամբ Անի Ամիրյանը հայտնեց` շուտով հեռուստադիտողը կտեսնի իր առաջնախաղը: Life.panorama.am-ը փորձեց հետաքրքրվել սպասվելիք աշխատանքի մասին, սակայն Անի Ամիրյանը նշեց, որ ֆիլմի մասին փակագծեր բացելու իրավունքը դեռեւս չունի:
Մեզ հետ զրույցում Անին պատմեց.
«Մհերի կողմից առաջարկ ստացա` նկարահանվել իր նոր ֆիլմում ու սիրով համաձայնեցի, չնայած նրան, որ դա ինձ համար մեծ անակնկալ էր: Նախ որպես հանդիսատես պետք է նշեմ, որ նախկինում Մհեր Մկրտչայնի նման ստեղծագործողի մենք չունեինք, նրա նկարահանած «Կյանք ու կռիվ» ֆիլմն ինձ համար ուղղակի աննախադեպ էր: Ընդ որում կարող եմ հաստատ փաստել, որ Մհերի ստեղծած աշխատանքային ոճն էլ է աննախադեպ մեր երկրում. նրա հավաքած թիմում չես գտնի գոնե մեկին, ով պրոֆեսիոնալ չէ իր աշխատանքում: Մհերը շատ հետաքրքիր աչք, հոտառություն ու միտք ունի, իսկ այդ ամենից զատ` նաեւ արտակարգ ընկեր է ու մարդ: Առհասարակ, ես իր տեսակի համար շնորհակալ եմ: Ես զգացի Մհերի հավատն իմ հանդեպ, իսկ դա շատ կարեւոր է, այդ պարագայում անկախ քեզնից ուզում ես լինել լավագույնը»:
Անի Ամիրյանի համար սա առաջին քայլն է` որպես դերասանուհի.
«Նախկինում երբեք որպես դերասանուհի հանդես չեմ եկել, թեեւ ավարտել եմ ԵՊՄՀ-ի «Ռեժիսուրա» բաժինն ու արդեն տասը տարուց ավելի է, ինչ դասավանդում եմ: Այնպես որ, դերասանի մասնագիտության վերաբերյալ բավականին խորը գիտելիքներ ունեմ, որը չէի ծառայեցրել պրակտիկայում»,- նշեց Անին, իսկ հարցին, թե վախեցնող չէ՞ր արդյոք առաջին քայլերը այս ոլորտում, պատասխանեց.
«Վախեցնող էր միայն այն փաստը, որ պետք է աշխատեի նման ռեժիսորի հետ, քանի որ նրա մոտ միջակություն լինել չէր կարող, պետք է արդյունքը լավագույնս լիներ: Սկզբում թվում էր, թե հատուկ բաներ պետք է անեի, որ կարողանայի հասնել արդյունքի, բայց Մհերը կարողացավ իմ մեջ փնտրել ու գտնել այն, ինչ պետք էր երկուսիս էլ»:
Թե Անին գո՞հ է արդյունքից,նշեց.
«Եզրակացություններ անել դեռ չեմ շտապում, քանի որ պատրաստի աշխատանքը չեմ տեսել: Բացի դա, ինձ համար շատ ավելի կարեւոր է մարդկանց կարծիքը, ինքս դժվար կդատեմ»:
Մեր նկատառմանը, թե որպես դերասանուհի ներկայանալուց առաջ արդյոք ամուսինն իր մասնագիտական խորհուրդները տվել է, նկատեց.
«Որպես այդպիսին` խորհուրդներ նա չի տվել, նա պարզապես չի խանգարել: Իրականում, ճիշտ է լսել ռեժիսորին եւ կարողանալ տիրապետել այն գիտելիքները, որն ունես: Պետք է կարողանալ հոգեվիճակը ճիշտ ըմբռնել ու պոտենցիալը ըստ պատշաճի օգտագործել: Այդ ամենն իրականացնելու համար ամենակարեւորն այն է, որ ռեժիսորը կարողանա ստեղծել համապատասխան իրավիճակ, ինչն էլ այս պարագայում կար»:



