Կարեն Անդրեասյանը չի մասնակցի ընտրություններին. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
«Համախմբում» կուսակցության շուրջ ձևավորված դաշինքի անունը թեև երկարեց, սակայն այնտեղ հանգրվանած կուսակցությունները մեկը մյուսի ետևից դուրս եկան: Հիմա, երբ արդեն պարզ է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը և ինչ հերթականությամբ են դասավորվելու «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կուսակիցները, ավելի տեսանելի է դառնում, թե ինչ ծագումնաբանություն ուներ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանի կողմից մինչ այդ հնչեցված «բողոքը»:
Նրա կողմից բարձրացված առաջին խնդիրն այն էր, որ գաղափարախոսությամբ իրար հետ բացարձակ կապ չունեցող կուսակցությունները չեն կարողանա նույն դաշինքում երկար գոյատևել: Եվ այդպես էլ եղավ: Ընդամենը մեկ ամիս չանցած ԱԻՄ և Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները հայտարարեցին, որ լքում են դաշտը:
«Երկուսն էլ հրապարակավ ասացին, որ ամեն ինչ լավ կլինի, բայց և՛ Արամ Սարգսյանը, և՛ Պարույր Հայրիկյանը, ինչպես որ հանկարծ մտան այդ դաշինք, այդպես հանկարծ էլ դուրս եկան դաշինքից: Ես գոնե այդ հարցում կարող եմ ասել, որ ճիշտ էի»,– ասաց Կ. Անդրեասյանը:
«Երրորդ հանրապետության» ղեկավարը նույնպես հայտարարեց, որ դուրս է գալիս դաշինքից: Մարդու իրավունքների նախկին պաշտպանի համար կուսակցությունների դաշինքին միանալ–չմիանալու հարցը երկրորդական է: Ավելի կարևոր է, թե քաղաքական թիմում իր արժեհամակարգն ու սկզբունքները պաշտպանված կլինեն, թե՝ ոչ: Իսկ դա արդեն, ըստ Կ. Անդրեասյանի, ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ով կգլխավորի դաշինքի նախընտրական ցուցակը:
Հարցին, թե ինչու է ինքն ընդվզում, եթե իրենց կուսակցության ղեկավարը համաձայնել է երրորդ հորիզոնականը զբաղեցնել և արդյոք հավանականություն չկա, որ ինքը կոմպրոմիսի չի գնա, Կ. Անդրեասյանը պատասխանեց. «Ես վաղուց եմ ցույց տվել, որ ես հեշտ չեմ գնում կոմպրոմիսների: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, ապա իմ կարծիքով այն ուժերը, ովքեր ուզում էին միանալ «Համախմբում» կուսակցությանը, կարող էին մեր իշխանափոխ շոգեքարշի հետևից գալ, այլ ոչ թե առջևից: Իսկ այս պարագայում ես չեմ մասնակցի ընտրություններին»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



