Տյառնընդառաջ. տոնի խորհուրդը՝ քահանայի մեկնաբանությամբ
КУЛЬТУРА
Տյառնընդառաջը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ոչ շարժական տոներից է։
«Տյառնընդառաջը հիշատակն է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Տոնը հաստատվել է Սուրբ Հակոբոս Տեառնեղբոր կողմից, և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Տյառնընդառաջը անփոփոխ ձևով նշում է Քրիստոսի Ծնունդից քառասուն օր հետո՝ փետրվարի 14-ին»,- Past.am-ի հետ զրույցում պատմում է Տեր Սմբատ Քահանա Աբրահամյանը:
««Ըստ Մովսեսական օրենքի՝ կինը զավակ ունենալուց հետո համարվում էր անմաքուր: Եթե նորածինը տղա էր, ապա մաքրության համար սահմանված էր 40, իսկ եթե աղջիկ՝ 80 օր: Այդ օրերը լրանալուց հետո, նորածնի ծնողները գնում էին տաճար՝ մաքրվելու և նորածնին Տիրոջը ընծայելու համար: Եվ երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` Հիսուսին Երուսաղեմ տարան` Տիրոջը ընծայելու համար, ինչպես գրված էր Տիրոջ Օրենքում: Երուսաղեմի տաճարի արևելյան դուռը Աստծո հրամանով փակվել էր և պետք է բացվեր միայն Փրկչի առաջ: Այդպես էլ եղավ: Երբ մանուկ Հիսուսին Մարիամն ու Հովսեփը բերեցին տաճար, արեւելյան կողմի՝ նախկինում չբացված դուռը ուժեղ դղրդյունով բացվեց: Դռան դղրդյունի ձայնից քաղաքի բնակիչները դուրս վազեցին իրենց տներից, և քանի որ արդեն մութ էր, վառվող ջահերով եկան տաճար՝ Տիրոջն ընդառաջ, տեսնելու համար Եկողին և միմյանց ձայն տալով՝ ասում են. «Տերը անցավ այս դռնով»: Մտնելով տաճար՝ տեսնում են Հովսեփին ու Մարիամին՝ մանուկ Հիսուսին գրկած»:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Հարցին, թե ինչ է մտածում տարածված այն կարծիքի մասին՝ իբր տոնին կրակ վառելը հեթանոսական ժամանակներից մնացած սովորություն է, քահանան պարզաբանեց.
«Նախատոնակն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Իսկ թե ինչու է տոնի նախօրեին խարույկ վառվում, որի շուրջը խմբվում է հավատացյալ ժողովուրդը Սբ Եփրեմ Ասորին էլ Տեառնընդառաջին նվիրված ճառում գրում է. «Ջահերն ու խարույկները ունեն հետևյալ պատճառները: Նախ որովհետև հեթանոսները Աստծու պատիվը կրակին էին մատուցում, իսկ մենք ցույց ենք տալիս կրակը որպես Քրիստոսի ծառա, որի համար բերում ենք Աստծուն ծառայեցնելու: Նաև, վրայից թռչելով, այն ոտնատակ ենք տալիս, թե դու աստված չես, այլ Նա է Աստված, ով քառասուն օրական եկավ տաճար: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը»:




















































