Եվրոպայում զարգանում է էրդողանաֆոբիան. Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը ֆրանսիական Le Monde պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիության երկրներում աճող իսլամաֆոբիայի և ազգայնական տրամադրությունների հետ մեկտեղ աճում է նաև էրդողանաֆոբիան:
«Եվրոպացի դիվանագետները, Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ փաթեթի պարունակությանը տեղյակ չլինելով, քննադատում են: Եվրոպայում օտարազգիների հանդեպ թշնամանքի և իսլամաֆոբիայի կողքին աճում է յուրատեսակ էրդողանաֆոբիա», - նշել է Չելիքը՝ վստահ կանխատեսելով, որ թուրք ժողովուրդը մեծ աջակցություն ցույց կտա նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների այս նախագծին, քանի որ «հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձն ի հայտ բերեց խորհրդարանական համակարգի թույլ կողմերը»:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:
Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։




