Արամյանը համոզված է, որ վարչապետի հորդորը չէր վերաբերում Ֆինանսների նախարարությանը
ОБЩЕСТВОՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը վստահեցնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորը՝ նախընտրական փուլում վարչական ռեսուրսները չծառայեցնել հօգուտ որևէ քաղաքական ուժի, իր ղեկավարած գերատեսչությանը չէր վերաբերում: «Դա հորդոր էր, քանի որ մենք թևակոխելու ենք նախընտրական ժամանակահատված: Որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, տրվեց նման հորդոր: Արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել այլ նպատակով: Դա հո րդոր էր, որ այդպիսի բաներով չզբաղվեն: Ես կարծում եմ, որ դա Ֆինանսների նախարարությանը չէր վերաբերվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Արամյանը՝ վստահեցնելով, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցները ՀՀԿ-ի օգտին քվեարկելու հորդոր չեն ստանալու:
Հարցին, թե ինքը ներգրավված լինելո՞ւ է նախընտրական քարոզարշավին՝ Արամյանն ասաց, որ ամեն ինչ կախված է կուսակցության որոշումից: «Եթե մեր կուսակցությունը նպատակահարմար գտնի, որ ես պետք է միառժամանակ դադարեցնեմ գործունեությունը և անցնեմ կուսակցական գործունեության, կարող եմ անել»,- ընդգծեց նախարարը՝ ավելացնելով, որ քարոզարշավին մասնակցելու դեպքում փորձելու է ներկայացնել իրենց կողմից կատարված աշխատանքը:



