«Հաղորդավարը պետք է ուղիղ եթերում բարի լինի ու սիրի հյուրին, ոչ թե կանացի նախանձով լցված լինի». Մհերի պատասխանը Դիանային և Արտակին
ЛАЙФTert.am Life–ը գրում է
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երգիչ Մհերը «Երեկոյան Երևան» հաղորդման շրջանակներում ուղղում է հաղորդավար Արտակ Վարդանյանին։ Վերջինս ուղիղ եթերում հայտնում է. «Ի դեպ, այսօր նաև ծնվել է Գեորգի Մինասյանը։ Սիրված արտիստն այսօր տոնում է իր տարեդարձը»։ Մհերը ուղղելով Արտակի խոսքը՝ ասում է. «Ինչպես է նշում իր տարեդարձը, Գորգի Մինասյանը չկա»։ հատկանշական է, որ տեսանյութը համացանցում հայտնվեց այն բանից հետո, երբ նույն հաղորդման շրջանակում Դիանա Մալենկոն Մհերի քրոջ նոր տեսահոլովակը նմանեցրեց Dua Lipa-ի «Be The One» երգի տեսահոլովակին։
Tert.am Life–ը կապ հաստատեց Մհերի հետ։ Նա ասաց, որ այստեղ ոչ մի սկանդալ չի տեսնում։ «Ոչ մի սկանդալ չկա։ Դիանա Մալենկոն՝ որպես հաղորդավարուհի հայտնել է իր սուբյեկտիվ կարծիքը։ Նմանակում ընդհանրապես չկա։ Միգուցե, Ռոզային են նմանեցնում։ Տեսահոլովակը ես եմ նկարել և ընդհանրապես չեմ էլ ճանաչում այդ երգչուհուն։ Դա մեր մտահղացումն է եղել։ Աթոռը, որը խոսակցությունների հիմք է դարձել, ասեմ, որ 10 տարուց ավելի է՝ դրված է առևտրի կենտրոններից մեկում։ Անգամ աթոռի գույներն են տարբեր։ Այնքան տեսահոլովակներ կան աթոռով, որ պարզապես ծիծաղելի է անգամ քննարկել դա։ Հետո էլ մարդ կարող է հայտնել իր կարծիքը, մենք դրանից չենք նեղվում, չենք վիրավորվում»,– ասաց Մհերը։

Մհերից հետաքրքրվեցինք, եթե վիրավորանք չկա, իր և Արտակի մասնակցությամբ տեսանյութն էլ միտումնավոր չէ հենց այսօր հայտնվել համացանցում, ինչո՞ւ է Մհերը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կիսվել այդ մասին հրապարակումներով. «Ես կարող եմ կիսվել տարբեր նյութերով։ Իմ էջում այդ նյութով կիսվելը չի նշանակում, որ վիրավորված եմ։ Ինձ հետաքրքիր էր և ես կիսվեցի, ոչ մի վիրավորանք չկա»։
Թեև Մհերը նշեց, որ վիրավորված չէ, անդրադարձավ նաև հաղորդավարների աշխատանքին. «Կուզեի խոսել մասնագիտական չափանիշների մասին։ Կարծում եմ՝ հաղորդավարը ուղիղ եթերում պետք է լինի բարի ու սիրի հյուրին, ոչ թե կանացի նախանձով լցված լինի։ Սա այն թեման չէ, որ պետք է ծավալվել ու քննարկել։ Մենք ոչ մի խնդիր չունենք նրանց հետ։ Համացանցում արդեն օգտատերերն իրենց ձևով են մեկնաբանում միջադեպը։ Պարզապես հաղորդավարները պետք է տեղեկացված լինեն` ուղիղ եթերում ճիշտ տեղեկություն հաղորդեն։ Նույն Դիանա Մալենկոյի հնչեցրած կարծիքը՝ պետք է ավելի տեղեկացված լինել, քանի որ տեսահոլովակներն ընդհանրապես նման չեն։ Ամեն մեկը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել։ Միգուցե, Դիանան շատ է սիրում այդ երգչուհուն և նմանեցրել է Ռոզային»։
Հստակեցնող հարցին` ինչ է նշանակում հաղորդավարը պետք է սիրի հյուրին, Ռոզային չե՞ն սիրել, նա պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով է սիրում իմ քրոջը, ով՝ ոչ: Կարծում եմ՝ հաղորդավարը հաղորդման ժամանակ պետք է լինի օբյեկտիվ, ոչ թե արտահայտի սուբյեկտիվ կարծիք։ Կարծում եմ՝ ամեն մեկը պետք է պրոֆեսիոնալ ձևով մոտենա իր մասնագիտությանը»։





