Ռումինիայի խորհրդարանին չհաջողվեց պաշտոնանկ անել կառավարությանը
МЕЖДУНАРОДНОЕՌումինիայի խորհրդարանին չի հաջողվել անվստահություն հայտնել կառավարությանը։ Գործադիր իշխանությանը պաշտոնանկ անելու որոշման օգտին չորեքշաբթի քվեարկել է միայն 161 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր ստանալ 232 պատգամավորի համաձայնությունը։ Կառավարությանը պաշտոնանկ անելու օգտին են հանդես եկել ընդդիմադիր Ազգային–ազատական եւ կենտրոնամետ «Հանուն Ռումինիայի փրկության» կուսակցությունները, հաղորդում է DW-ն։
Խորհրդարանում որակյալ մեծամասնություն ունեցող Ռումինիայի վարչապետ Սորին Գրինդյանուի Սոցիալ–դեմոկրատական խմբակցությունը եւ իր դաշնակիցները քվեարկությանը չեն մասնակցել, այդպիսով կանխորոշելով քվեարկության արդյունքները։ «Հուսով եմ, որ այսօր մենք կվերադառնանք աշխատանքին», – քվեարկությունից առաջ պատգամավորներին դիմել է վարչապետ Գրինդյանուն՝ միաժամանակ խոստանալով, որ կառավարությունը առանց բազմակողմանի ուսումնասիրության այլեւս չի հաստատի նախաձեռնություններ, որոնք «կարող են հասարակությունում խիստ զգացմունքներ առաջացնել»։
Ռումինիայի կառավարության նախաձեռնությունը, որով, փաստացի, օրինականացվում էր կոռուպցիան, դժգոհությունների մեծ ալիք էր առաջացրել երկրում։ Մայրաքաղաք Բուխարեստում եւ այլ խոշոր քաղաքներում հունվարի 31՝–ից մեկնարկել են բողոքի լայնածավալ ակցիաները։



