Ռուսաստանը կարող է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մինչև 10 հատ Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ մատակարարել
ОБЩЕСТВОՌուսաստանը կարող է հինգ տարվա ընթացքում Հայաստանին մինչև 10 հատ Sukhoi SuperJet 100 ինքնաթիռ մատակարարել: Մինչև 2019 թվականն առաջին մատակարարումները կարող են կազմել 2-4 ինքնաթիռ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Խոսքն ընդհանուր առմամբ հինգ տարվա ընթացքում 10-ից ոչ ավելի ինքնաթիռների մատակարարման մասին է: Կսկսվի երկուսից մինչև չորս ինքնաթիռից: Եթե այս տարի մենք ձևավորենք հասկանալի ծրագիր, դրա համար լուծում գտնենք, ապա արտադրության ցիկլը հաշվի առնելով՝ լավագույն դեպքում մատակարարումը կլինի 2018 թվականի վերջին- 2019 թվականի սկզբին: Ես կարծում եմ՝ ավելի իրատեսական կլինի 2019-ը, որովհետև և՛ 2017-ը, և՛ 2018-ն ավարտված են պատվերների տեսանկյունից»,- ասել է նախարարը:
Հայաստան Sukhoi SuperJet 100 ինքնաթիռների մատակարարումների քննարկումների մասին ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարը խոսել է անցած տարվա նոյեմբերին:
Sukhoi SuperJet 100-ը ռուսական ուղևորատար ինքնաթիռ է՝ նախատեսված մինչև 4,4 հազար կիլոմետր հեռավորությամբ 98 ուղևորի տեղափոխման համար:



