Արվեստ և հերոսամարտ. աղ վերքերի՞ն, թե՞ հայրենասիրություն
КУЛЬТУРА
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այս երեկո տեղի կունենա Հրաչյա Բեգլարյանի «Արծվաբույն» պիեսի բեմադրության առաջնախաղը: Ներկայացումը նվիրված է արցախյան ազատամարտին: Բեմադրության հեղինակն է Դավիթ Հարությունյանը, կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը, իսկ նկարիչը՝ Սեդրակ Վելիկոդնին: Ներկայացման մեջ խաղում են Ջուլիետա Ստեփանյանը, Անդրանիկ Զաքարյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը և այլ դերասաններ: Past.am-ի հետ զրույցում բեմադրիչ Դավիթ Հարությունյանը նշեց. «Որոնումների մեջ էի։ Հենց այսպիսի մի բան էի փնտրում։ Նյութեր էի նայում, հազար ու մի բան տնտղում, ուսումնասիրում այդ թեմային վերաբերող պոեզիան։ Սուտ կլինի, եթե ասեմ, որ շատ երկար ժամանակ եմ փնտրել «Արծվաբույնը»։ Ինչպես և յուրաքանչյուր հայի, ինձ անհանգստացնում է արցախյան թեման, այս իրողությունը, հենց դա էր գլխավոր խթանը: Ազգային դրամատուրգիան, անկախ ավանդույթներից, մանավանդ մեր ժամանակներում, պարտադիր կերպով պետք է համարձակ ու նաև վիճելի հարցեր բարձրացնի։ Թատերգությունն է թատրոնի թթվածինը, նրա գոյության առաջին նախապայմանը։ Սա վաղուց ծեծված ճշմարտություն է»։
Բեմադրիչի խոսքով՝ տարբեր թեմաներով պիեսներ են գրվում, ներկայացումներ բեմադրվում, բայց ազատագրական պայքարի մասին բեմարվեստի միջոցով պատմվող երկու կամ հազիվ երեք գործ է արվել։ Մեր զրուցակիցը հավելեց. «Ի՞նչ եք կարծում, բավարա՞ր է, մենք սպառե՞լ ենք մեր ասելիքը։ Մենք անհրաժեշտ գտանք անել նոր ներկայացում, հագեցած, դիտարժան, մարդկային և հուզիչ, և այն անել մայր թատրոնում»։
Դավիթ Հարությունյանը խոստովանեց, որ անհանգիստ էր, այնպիսի նյութ էր փնտրում, որը հավաքական ուժի ու կերպարի մասին կխոսեր, որտեղ ամեն ինչ կենդանի, հարազատ և ազնիվ կլիներ։ Ըստ նրա՝ Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույնը» դարձավ այդ պիեսը։
«Սա մեր մասին է, մեր կորուստների ու ձեռքբերումների, մեր քարքարոտ ճանապարհի մասին է։ Պիեսում ռմբակոծված Քարակապի տիրուհին ասում է. «Աստված հայի ամեն սերնդի միշտ պատերազմ է տեսցնում, որ հայը զենք բռնելը չմոռանա։ Թե մոռացավ, ո՛չ տան, ո՛չ երկրի տերը կլինի»։ Պատերազմի դաշտում շատ դեպքեր են եղել, ինչպես անմարդկային, անհավանական, այնպես էլ զավեշտալի։ Կարծես ինքը պատերազմն էլ հումորի իր տեսակ ունի։ Հեղինակը պիեսում ներառել է նաև իրականում տեղի ունեցած մի քանի դեպք։ Սա նույնպես գրավիչ է դարձնում ստեղծագործությունը։ Այստեղ, ինչպես շատերն են նկատել, մեծ հոգևոր շերտեր են ներդրած, մարդասիրական լրջագույն խոհեր։ «Արծվաբույնը» հնարավորինս բեռնաթափված է ճակատային քարոզներից»,- պատմեց բեմադրիչը: Խոսելով նման ներկայացումներ անելու բարդությունների մասին՝ Դավիթ Հարությունյանն ընդգծեց. «Ամենաառաջինը, ըստ իս, պատասխանատվության ու չափավորության զգացումն է։ Անհրաժեշտ է հարգել մարդկանց զգացմունքները և վերքի վրա աղ լցնելով չտարվել։ Վիզուալ առումով անհրաժեշտ է չընկնել վավերագրական ճշգրտության հետևից։ Սա թատրոն է»։ Մեր հարցին՝ հնարավո՞ր է «հաշվարկել» կամ կանխազգալ՝ ի՞նչ ռեակցիա, էմոցիա կտա հանդիսատեսը ներկայացման տարբեր հատվածներում, բեմադրության հեղինակը պատասխանեց. «Ներկայացման մեջ միահյուսված են դրամատիկ ու հումորային տեսարաններ, որոնք անշուշտ կներազդեն հանդիսատեսի վրա։ Մի պահ ծիծաղելու են, հաջորդ րոպեին՝ հուզվեն: Ինքներս, փորձերի ժամանակ հաճախ ունեցել ենք այդ ապրումները։ Հուսով եմ՝ հանդիսատեսը հարազատի պես կընդունի ներկայացումը»։
Լևոն Փանոսյան




















































