ԿԳՆ–ը մտադիր է Մատենադարանը հանել նախարարության ենթակայությունից և դարձնել ինքնուրույն հիմնադրամ
ОБЩЕСТВОԿրթության և գիտության նախարարությունը մտադիր է Մատենադարանը հանել իր ենթակայությունից և դարձնել ինքնուրույն հիմնադրամ:
Tert.am-ի հետ զրույցում նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու Մատենադարանի տնօրենի ընտրության համար մրցույթ չի անցկացվում, երբ ժամկետներն արդեն անցել են, պատասխանեց, որ այդ հարցը չեն դիտարկում զուտ որպես տնօրենի, զուտ մարդու փոփոխություն:
«Մատենադարանը մեր երկրի կարևոր հաստատություններից է, ինչպես Ֆիզիկայի ինստիտուտը և այլն, և կարծում եմ, որ ժամանակը հասունացել է, որպեսզի իբրև հիմնադրամ հատուկ կառավարության որոշումով ամրագրվի, և դուրս գա որևէ մեկի ենթակայությունից դառնա ինքնուրույն հզոր հիմնադրամ»,- ասաց նախարարը:
Ըստ նրա, այս պահին կազմակերպչական աշխատանքներն են տարվում: «Պետք է Մատենադարանը դառնա մեր երկրի կարևորագույն բրենդներից մեկը, գիտության , մշակույթի, հայագիտության իմաստով: Կարիք ունենք իրեն դարձնելու հատուկ հիմնադրամ, որտեղ ֆոնդերը՝ ձեռագրային և այլն կլինեն պետության սեփականությունը, իսկ հիմնադրամը կտնօրինի և կլինի անկախ միավոր: Սա է կառուցվածքի փոփոխությունը, կանենք և հետագայում արդեն այդ ձևաչափով կլինեն թեկնածուներ»,-ասաց նա:



