Երևանում արագ զարգանում է իրադարձային տուրիզմը
КУЛЬТУРА
Երևան քաղաքի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում շատ ակտիվ համագործակցություն է ծավալվում միջազգային տարբեր պարբերականների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։ Օրինակ, նախորդ տարի լեհական, իտալական և ճապոնական տ արբեր պարբերականներ անդրադարձել են Երևանին։
«Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը աջակցել է այդ ողջ ինֆորմացիայի տրամադրմանը, եղել են նաև դեպքեր, որ լուսանկարչին ցույց ենք տվել Երևանի բոլոր տեսարժան վայրերը։ Մենք այս գործընթացով նպաստել ենք Երևան քաղաքի ներկայացմանը, որպես զբոսաշրջային քաղաք միջազգային շուկայում»,- նշեց Բարաղամյանը։
Մեկուկես տարուց նշվելու է Երևանի 2800 ամյակը, և քաղաքապետի օգնականը կարևորեց այն փաստը, որպեսզի մայրաքաղաքի մասին շատ խոսվի և որպես զբոսաշրջային քաղաք ճիշտ և շահեկան դիրքավորում արվի։
«Ներկայումս շատ արագ է զարգանում իրադարձային զբոսաշրջությունը, որը մեր շեշտադրումներից մեկն է։ Մեր միջոցառումները ընդհանուր ներառված են «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում։ Այն միտված է մեր համաքաղաքացիների ժամանցը ամառվա ընթացքում հետաքրքիր դարձնելուն և Երևան այցելող զբոսաշրջիկների համար հետաքրքրություններն ավելացնելուն»,- հավաստիացրեց Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքները համակարգողը։
Ծրագրի շրջանակներում կա երեք թիրախային միջոցառում՝ «Համով-հոտով Երևան», «Երևանի գարեջրի», «Երևան Տարազֆեստ» փառատոնները։ Վերջինն անցյալ տարի տեղափոխվել է Ստեփանակերտ, ինչը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հնչեցնելու Արցախ անունը։ Իրադարձային զբոսաշրջության զարգացման նպատակով տարվա ընթացքում իրականացվում են նաև «Ջազի օր» և ձմերուկի փառատոնները։




















































