Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է «Քվանտ» վարժարան
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց «Քվանտ» վարժարան ։
Տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, ողջունելով նախարարին, ներկայացրեց վարժարանի պատմությունն ու աշակերտների հաջողությունները։ Հյուրերը շրջեցին դպրոցի հին ու նոր մասնաշենքերում, ծանոթացան աշակերտների ուսման ու հանգստի համար նախատեսված հարմարություններին։
Շրջայցի ընթացքում նախարարը զրուցեց դասախոսական կազմի, աշակերտների և շրջանավարտների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
«Քվանտը» Հայաստանի փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որտեղ գործող տարրական, միջին և ավագ դասարաններում սովորում է 700-ից ավելի աշակերտ։
«Քվանտի» տնօրենը նշեց, որ մեծ ուշադրություն են դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող առարկաների ուսուցմանը, քանի որ աշակերտների մոտ հետաքրքրությունը մեծ է այդ դասաժամերի հանդեպ։
Ռոբոտաշինության դասասենյակում ուսուցիչներն ու աշակերտները համատեղ հետաքրքիր նախագծեր են իրականացնում, որոնցից մի քանիսը ցուցադրեցին նախարարին։
Ռոբերտ Վարդանյանի խոսքով` ուսումնական գործընթացում համակարգիչն օգտագործում են մյուս առարկաներն ավելի ընկալելի դարձնելու համար։
Նախարարին ներկայացվեց նաև «Արագած-2» նախագիծը, որը ստեղծվել է ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մի քանի ընկերությունների հետ համատեղ։ Ծրագրով նախատեսվում է «ՏՀՏ համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը սկսել 2-րդ դասարանից, բարելավել նաև 6-12-րդ դասարանների նույնանուն առարկայի ուսումնական ձեռնարկները, ինչպես նաև ամբողջությամբ վերանայել 5-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայի ծրագրերը` ներառելով ՏՀՏ ոլորտը։
Նախարարը բարձր գնահատեց վարժարանի ավանդը մեր երկրի կրթական համակարգում, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ապագա մասնագետներ պատրաստելու գործում։ Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ վարժարանում ձևավորված լավագույն ավանդույթները կպահպանվեն երկար։



