Գյումրիում ներդրումների ծրագրին կմիանան 22 գործարարներ. նրանք այսօր Հայաստանի երկրորդ քաղաքում են
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հունվարի 26-ին կառավարությունում կայացած հանդիպումից հետո մի խումբ գործարարներ ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել Գյումրիում: «Կումայրի» արգելոց տանող երկու՝ Շիրակացու և Ռուսթավելու փողոցների վերականգնման ուղղությամբ ներդրումային ծրագրի կիրականացմամբ հետաքրքրված գործարարները փետրվարի 3-ին ժամանել են Գյումրի: Նրանք հենց վարչապետի հետ տեղում կծանոթան ան ծրագրվող աշխատանքներին:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, ով ևս որպես գործարար պատրաստակամություն է հայտնել ներդրումներ կատարելու: «Մենք կփորձենք այս կարճ ժամանակում այս երկու փողոցների վերանորոգմամբ սկսել «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրը, որն էլ իր հերթին կմեծացնի Գյումրու գրավչությունը: Սրանով լուրջ մարտահրավեր ենք նետում Գյումրու զարգացմանը»,-ասաց Ղազարյանը:
Վարչապետի հետ ունեցած հանդիպմանը 22 գործարարներ են ցանկություն հայտնել միանալու ծրագրին, և նրանցից մի քանիսն արդեն ներդրում կատարել են: Քանի որ քաղաքի զարգացումը սկսվում է օդանավակայանից գործարարների այցի առաջին կանգառը կլինի «Շիրակ» օդանավակայանը: «Նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններ օդանավակայանում, ոչ միայն, այսպես կոչված, «լոուքոսթերների» համար, այլև այլ ավիաընկերությունների»,-նկատեց Ղազարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախնական տվյալներով՝ մոտ 10 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի «Շիրակ» օդանավակայանում, իսկ 200 միլիոն դոլարի՝ «Կումայրի» արգելոցում: Արգելոցի վերանորոգումը լինելու է փուլերով:



