Վերնիսաժի գործով դատական նիստին այսօր պաշտպանական ճառով հանդես եկան ամբաստանյալների պաշտպանները
ОБЩЕСТВОԵրևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ 2014 թվականի մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատական նիստ, որի ընթացքում դատախազ Հարություն Սարգսյանի մեղադրական ճառից հետո պաշտպանական ճառով հանդես եկան գործով ամբաստանյալների պաշտպանները:
Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը չօգտվեց ճառով հանդես գալու իր իրավունքից: Նա խնդրեց միայն Մելքոնյանի նկատմամբ դատական ակտ կայացնելիս հաշվի առնել նրան բնութագրող տվյալները:
Նշենք, որ փաստաբանը ողջ դատական նիստի ընթացքում գրեթե չի օգտվել պաշտպանի իր իրավունքից, ինչը, ամենայն հավանականոթյամբ պաշտպանյալի՝ Ներսես Մելքոնյանի պահանջն է:
Ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի պաշտպան Արայիկ Ալվանդյանը դատարանից պահանջեց արդարացնել իր պաշտպանյալին: «Վալերիկ Հովհաննիսյանն այս գործով չպետք է մեղադրվեր, նա ընդամենը տուժող է»,- ասաց Ալվանդյանը Նա նշեց, որ իր պաշտպանյալը հաշմանդամ ծնող ունի, որի միակ խնամողն ինքն է:
Ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից խնդրեց Գոռ Առաքելյանի արարքներին տալ ճիշտ գնահատական: Երեմ Սարգսյանն ասաց, որ Գոռ Առաքելյանի արարքներին ճիշտ և օբյեկտիվ գնահատական չի տրվել, նրան մեղսագրվող արարքների իրավական որակումները սխալ են և ենթակա են վերաորակման:
Արաքս Մամուլյան



