Կառավարության 3-րդ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղադրվել են տաքացվող թեքահարթակներ
ОБЩЕСТВОՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորություն ապահովելու համար իրականացվել են մի շարք շինարարական աշխատանքներ: «Արմենպրես»- հաղորդմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղադրվել են տաքացվող թեքահարթակներ, հարմարեցված սանհանգույցներ, աստիճանով բարձրանալու համար նախատեսված էլեկտրական վերամբարձ սարք, ձայնային ազդանշանով վերելակներ և հաշմանդամների համար նախատեսված մուտքի դուռ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների վարչության պետ Արթուր Կեսոյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի հաշմանդամների համար ավելի մատչելի և հարմարեցված դարձնել այս մասնաշենքը:
«Աշխատանքում ներգրավված են եղել ոլորտի ակտիվ հասարակական կազմակերպությունները: Այս մասնաշենքում են գտնվում գրեթե բոլոր նախարարությունները և դրանք արդեն մատչելի են դարձել հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- ասաց Կեսոյանը և հավելեց, որ այսպիսի աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանն առաջինը փորձարկեց հատուկ սարքերը;
«Քաղաքաշինության կոմիտեի հետ բուռն քննարկումների արդյունքում ամեն ինչ շատ հարմար և մատչելի է կառուցված: Տեղաշարժվելու դժվարություն ունեցող անձն առանց որևե մեկի օգնությամբ կարող է հեշտությամբ մուտք գործել մասնաշենք»,- ընդգծեց Ալավերդյանը:
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարգսյանցն իր հերթին տեղեկացրեց, որ շինարարության ծախսերը կազմել են 16 միլիոն 700 հազար դրամ:



