Չի կարելի նախարարի պաշտոնից արագ տեղափոխվելու պլաններ կազմել. Վիգեն Սարգսյանը` վարչապետ դառնալու մասին
ОБЩЕСТВОՀայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցանկանում է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններից հետո էլ ղեկավարել երկրի պաշտպանական գերատեսչությունը: Հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին` ցանկանում է գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը կամ 2018թ. հետո ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ պաշտպանության նախարարի աշխատանքը համարում է ամենահետաքրքիր, կարևոր, պատասխանատու աշխատանքներից մեկը:
«Չեմ համարում, որ պետք է որևէ աշխատանք համադրել այլ աշխատանքի հետ իր ցանկալիության առումով: Ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններում մենք կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին շարունակել աշխատել պաշտպանության նախարարությունում: Ես այստեղ տեսնում եմ շատ մեծ անելիքներ: Իրոք, մեծ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքները: Իմ համոզմամբ, այսօր այստեղ պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք և չի կարելի այս աշխատանքից արագ տեղափոխելու պլաններ կառուցել: Դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ: Ընտրությունների արդյունքները ցույց կտան: Իհարկե, եթե ընտրությունների արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին պլանավորում ենք, հույս ունեմ, որ նախագահը թույլ կտա ինձ շարունակել այստեղ իմ գործառույթները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:
Վիգեն Սարգսյանի խոսքով, այսօր Հայաստանն ունի գործադիր իշխանության շատ ուժեղ, կարող թիմ: Նա համոզված է, որ ՀՀ վարչապետը դրսևորել է այն տեսլականը, որն անհրաժեշտ է զարգանալու համար: «Իր գործարար ջիղով, աշխարհընկալումով, առաջնորդությամբ, ես համարում եմ, որ այսօր ունենք շատ հաջողված կառավարություն վարչապետի գլխավորությամբ և մեծ պատիվ է ինձ համար աշխատել այդ կառավարության մեջ, բերել իմ մասնակցությունը մեր երկրի առաջընթացին և զարգացմանը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեն փետրվարի 6-16-ը, իսկ տարածքային և համամասնական ցուցակները` փետրվարի 16-26-ը:



