Բաքուն ծրագրել է վերաբնակեցնել ապրիլին Ղարաբաղից գրաված տարածքների հարակից բնակավայրերը
ОБЩЕСТВОԻնչպես փոխանցում է ARMTIMES-ը, 2016 թվականի ապրիլին քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների հարակից բնակավայրերի բնակիչներին առաջարկվելու է տեղափոխվել եւ բնակություն հաստատել այնտեղ: Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Այդըն Միրզազադեն:
«Գրավյալ տարածքների հարակից բարձունքները գտնվում էին Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ուստի մեր քաղաքացիները չէին կարողանում ապրել այնտեղ, քանի որ դրանք գտնվում էին հայերի կրակահերթերի տակ: Հիմա այդ բարձունքներն անցել են մեր վերահսկողության տակ, ուստի կրակահերթերից ազատված տարածքներում կարելի է վերաբնակեցում իրականացնել»,- ասել է Միրզազադեն՝ հավելելով, թե առայժմ տեղեկություն չկա, թե երբ եւ ինչ կարգով է իրականացվելու վերաբնակեցումը:
Միրզազադեն նշել է, թե նախ այդ տարածքները պետք է ականազերծվեն: Այնուհետեւ, նրա խոսքով, անցկացվելու են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, գազի խողովակաշար, քանդված տները վերականգնվելու են կամ նորերն են կառուցվելու, ապա ճշգրտվելու է այդ տարածքները լքած նախկին բնակիչների ցուցակը, ինչից հետո նրանց կառաջարկվի վերադառնալ:



