Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է ձևավորված նախընտրական դաշինքների հետ հնարավոր համագործակցությանը
ПОЛИТИКА«Ալյանս» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խոսել է «Ելք» դաշինքի և Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքի հետ համագործակցության հնարավորությանը: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Ուրիխանյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքի երկու առանցքայի կուսակցությունների ղեկավարների հետ նախընտրական շրջանում համագործակցել է, առաջարկել է իր քաղ աքական աջակցությունը: «Մենք խորհրդարանում էլ սերտ համագործակցել ենք: Շատ դեպքերում միանման քվեարկել ենք: Սակայն որոշ պահի զրույցները դադարեցին: Չեմ կարող ասել, որ իրենք չեն ցանկացել շարունակել, բայց թե ինչու են դադարել քննարկումները, հավանաբար, պետք է իրենց հարցնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:
Անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքի հետ համագործակցության հնարավորությանը` Ուրիխանյանն ընդգծեց, որ Սեյրան Օհանյանի անձի նկատմամբ դրական գնահատական ունի, սակայն ծանոթ չէ նրա քաղաքական ծրագրերին: «Համախմբում» կուսակցությունում էլ կան անձինք, ովքեր մեր երկրի համար պիտանի լինելու լուրջ կարողություններ ունեն: Երբ պարզ կլինի, թե ինչ դրույթներ են հռչակելու, ինչ քաղաքական կուրս են վարելու, նոր միայն կկարողանանք խոսել հնարավոր համագործակցության մասին»,- նշեց պատգամավորը:
Ամփոփելով խոսքը` Ուրիխանյանը հստակեցրեց, որ չի համագործակցի որևէ քաղաքական ուժի հետ, չի լինի որևէ դաշինքի կազմում, որոնք չեն ընդունի իր հռչակած քաղաքական կուրսը:
«Ալյանս» կուսակցությունն Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը կհստակեցնի կուսակցության արտահերթ համագումարի ընթացքում: «Ալյանս»-ի արտահերթ համագումարը տեղի կունենա 2017թ. փետրվարի 4-ին: Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին:



