Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել է Ծառուկյանի դաշինքին միանալու հնարավորությանը
ПОЛИТИКА«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի` քաղաքականության մեջ լինել-չլինելը շատ կարևոր է եղել կուսակցության նախկին անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի համար: Հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիգրան Ուրիխանյանն, անդրադառնալով հարցին` հնարավո՞ր է միանա Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող դաշինքին, ընդգծեց, որ իր համար միշտ կարևոր է եղել այն քաղաքական կուրսը, որը տարել է Գագիկ Ծառուկյանը: «Առաջին իսկ օրը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականությունը լքելու մասին, իր հետ սակավաթիվ ձևաչափի զրույցում ես ասացի, որ իրենից հետո լքում եմ կուսակցությունը։ Բնականաբար, դա գործընթաց էր, որ տևեց մեկ-երկու շաբաթ, և ես լքեցի կուսակցությունը։ Գագիկ Ծառուկյանի «լինել-չլինելը» քաղաքականության մեջ եղել է շատ կարևոր ինձ համար, և քաղաքական այն կուրսը, որ տարվում էր այն ժամանակ, ևս կարևոր էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց պատգամավորը:
Նա հավելեց` թե խորհրդարանից դուրս, թե խորհրդարանում իրականացնելու է այն քաղաքական կուրսը, որն անցած տարիների ընթացքում եղել է հանրության աչքի առաջ: «Եթե որևէ բան այնպես չէ այս երկրում, ապա պետք է լինեն պատասխանատուներ, այսինքն՝ այս երկիրը կառավարողները։ Եթե ես որևէ տեղ լինելու եմ, ապա դա կնշանակի, որ այդ ուժը կամ դաշինքը գնալու է այն նույն ճանապարհով, ինչ ես։ Այնպես չէ, որ ես հեռացել էի Գագիկ Ծառուկյանից, որ հիմա նրա գալով ես միանամ նրան: Ես իմ քաղաքական կուրսով մշտապես իմ տեղում եմ»,-եզրափակեց Ուրիխանյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականություն վերադառնալու և Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին: 2015թ. մարտին Ծառուկյանը հայտարարել էր քաղաքականությունը լքելու և իր գործունեության քաղաքական էջը փակելու մասին: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2017թ. ապրիլի 2-ին:



