Գիծը քաշո՞ւմ ենք, թե` ոչ. գնդակը քաղաքական ղեկավարության դաշտում է
ПОЛИТИКАՆոր տարի ենք մտնում նոր հույսերով ու հին հոգսերով: Հույսերը բոլորի մոտ նույնն են` արդար պետություն, քաղաքացու արժանապատիվ կյանք, երկրի անվտանգություն, պետության հզորացում: Հոգսերն ածանցվում են այս հույսերին, որ փայփայում է իր մեջ մեզնից յուրաքանչյուրը: Որովհետև որպեսզի հասնենք մեր հույսերի իրականացմանը, պետք է չեզոքացվի հոգսը, որ դրված է այս երկրի յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու ուսերին:
Անկեղծ լինենք. կարծես փորձ է արվում ինչ–որ բան անել: Համենայն դեպս այդ մասին բարձրաձայն խոսվում է: Եվ դրվել է հարցը. ընդունել ենք, որ երկրում պրոբլեմ կա և այն պետք է լուծվի: Սա քիչ բան չէ: Քանզի եթե հարցը դրված է, մի օր պետք է լուծվի: Եթե ոչ` այսօր, ապա` վաղը, մյուս օրը: Ինչպես ասում են` ջինը դուրս է եկել շշից:
Բայց այստեղ արդեն կարևորվում է ժամանակը: Ուշացումը ավելացնելու է կորուստները, մեծացնելու է անդունդի խորությունը, որի եզրին կանգնած է երկիրը: Հետդարձն էլ լինելու է ավելի դժվարին ու ավելի ցավոտ: Բայց սա այլ խնդիր է:
Հիմա` թե ի՞նչ է արվել մեզ մոտ: Այսպես ասած` արտաքուստ ի՞նչ է երևում: Կաբինետային ու կուլիսային իրավիճակների մասին քիչ բան է հայտնի կամ ոչինչ հայտնի չէ:
Նոր վարչապետը կառավարություն բերեց իր թիմակիցներին: Եվ միասին սկսեցին աշխատել երկրի պետական–կառավարման համակարգը բարելավելու, բարեփոխելու ուղղությամբ: Ովքե՞ր են այդ մարդիկ` նրա թիմակիցները: Նրանք կայացել են ներկա գործող համակարգի պայմաններում: Բնականաբար եղել են այնպիսին, ինչ պահանջել է համակարգը: Գործել են նույն խաղի կանոններով, որը պարտադրվել է իրենց:
Ընդ որում, մաքրության էտալոն չդարձնենք ոչ ոքի: Սկսած` Կարեն Կարապետյանից:
Կամ յուրաքանչյուր ընտանիք գազ է սպառում ու հրաշալի գիտի այս ոլորտի լավն ու վատը, լույսն ու ստվերը: Էլ չենք խոսում, որ շշուկները (ճիշտ, թե սխալ) արագ են տարածվում, թե ով ինչպե՞ս աշխատանքի ընդունվեց ու աշխատանքից ազատվեց, կաշառք տվե՞ց, թե չտվեց, հովանավորչություն կա՞, թե չկա: Սա էլ` եթե հարցը դիտարկենք սրճարանային կամ խոհանոցային մակարդակով:
Հիմա կարևորը սա չէ: Այսինքն` կարևորն այն չէ, ինչ եղել է: Կարևորը մեկ այլ բան է` մենք գիծ կքաշե՞նք ու կասե՞նք, որ այօրվանից ապրում ենք առանց կաշառքի, առանց հովանավորչության, առանց կոռուպցիոն ձեռնարկների: Կամ որ նույնն է` կքաշե՞նք գիծը ու մեր ժամանակը կբաժանենք երեկի ու այսօրի:
Եթե արեցինք դա, ապա մեր ժողովուրդը կկանգնի իր իշխանության կողքին ու կամովին կանցնի այն դժվարությունների միջով, որը կարող է պարտադրել նոր իրավիճակը: Եթե` ոչ, ապա երկրում դրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ հնչեցվող բարձրաձայն ու հաճախ բարձրագոչ խոսակցությունները պարզապես իմաստազուրկ են: Եվ դրանք կարճ ժամանակ անց կհամալրեն ժողովրդական նորօրյա բանահյուսության շարքերը:
Ակնհայտ է, որ վարչապետը, կառավարություն բերած նրա մարդիկ իրենք իրենց մեջ հոգեբանորեն քաշել են այդ գիծը: (Ինձ այսօր այսպես է թվում: Գուցեև սխալ է թվում. դա էլ է հնարավոր. չեմ ժխտում): Մնում է մնացյալը: Այն է` գիծ քաշելու վերաբերյալ կայացվի նաև քաղաքական որոշում:
Եթե դա եղավ` քաղաքական որոշումը, մենք կգնանք առաջ: Եթե` ոչ, ապա վարչապետի ու կառավարության ջանքերը, թեկուզ` ազնիվ ջանքերը, կդառնան առ ոչինչ, կլինեն զուր: Նրանց գործողություններն էլ մի քիչ էլ կնմանվեն դոնկիխոտյան թրատումներին:
Ընդամե՛նը:
Գոհար Սարդարյան



