Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքերն ավելացել են
ОБЩЕСТВОՀանրապետությունում շմոլ գազից թունավորումների հիմնական պատճառը քաղաքացիների անփութությունն է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը` անդրադառնալով հանրապետությունում գրանցված գազի թունա վորման դեպքերին:
«Անվտանգության կանոնների չպահպանման այնպիսի դեպքեր են արձանագրվել, որ պարզապես անընդունելի են: Մի դեպքում բնակիչը տեղադրել է վառարան և այն գործարկել առանց ծխնելույզի: Մեկ այլ տանը կտորով փակված է եղել օդանցքը, դրանից բացի ինքնաշեն վառարաններ են տեղադրում, մշտապես միացրած չեն պահում անվտանգության սարքը»,-ասաց Աշոտ Գրիգորյանը:
Ըստ նրա տրամադրած վիճակագրական տվյալների` 2012 թվականին գազից թունավորման դեպքերի թիվը կազմել է 45, որի հետևանքով գրանցվել է 12 մահ, 2013 թվականին գրանցվել է 59 դեպք` 7 մահվան ելքով, 2014-ին` 33 դեպք` 2 մահվան ելքով, 2015-ին` 39 դեպք 6 մահվան ելքով, իսկ 2016 թվականին գրանցվել է 47 դեպք 10 մահվան ելքով: Աշոտ Գրիգորյանը նշեց, որ դեպքերի քանակն ավելի շատ է Շիրակում, Կոտայքում, Երևանում:
«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արման Նալբանդյանի խոսքով, բնակչության շրջանում թյուր կարծիք կա, թե անվտանգության սարքերը շատ էներգիա են ծախսում: Դա պատճառներից մեկն է, որ շատ հաճախ բնակիչները դրանք անջատում են: Այնինչ, ամսվա ընթացքում այդ համակարգերն ընդամենը 25 դրամի էներգիա են ծախսում:
«Մի քանի օր առաջ գազից թունավորման դեպք եղավ Մուսալեռում, երբ ինքնակամ վառարան էին տեղադրել առանց ծխատար համակարգը մոնտաժելու: Դրա համար հորդորում ենք բնակիչներին ինքնագործունեությամբ չզբաղվել, յուրաքանչյուր գործողության դեպքում դիմել տարածքը սպասարկող մասնագետին: Ի դեպ, մասնագետների այցերը կատարվում են անվճար»,-ասաց Արման Նալբանդյանը:
Նրա խոսքով, սպասարկման աշխատակիցները տարին երկու անգամ այցելում են բնակարան, կատարում են տեխնիկական սպասարկում, մեկ անգամ ջեռուցման, մեկ անգամ ամառային սեզոնի ընթացքում: Բնակարաններ, տներ այցելած աշխատակիցները խախտումեր արձանագրելու դեպքում, եթե հնարավոր է տեղում վերացնում են, եթե ոչ, ապա կազմվում է խախտման արձանագրություն, խցապատվում է համապատասխան խախտված կետը և արձանագրությունն ուղարկվում է «Գազպրոմ Արմենիա»: «Տարվա ընթացքում միջինը 150 հազար խախտումների մասին է խոսքը, սակայն պետք է նկատել, որ ոչ բոլորն են լուրջ խախտումնÕ �ր»,-ասաց Արման Նալբանդյանը:



