Հայաստանում ինձ ուժեղ եմ զգում, ինձ տանն եմ զգում. Աստղիկ Սաֆարյան
ЛАЙФԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանը բոլորովին վերջերս Իսպանիայից Հայաստան վերադառնալով՝ արդեն պատրաստվում է նոր տեսահոլովակ նկարահանել. «Մեծ ծրագրերով վերադարձա հայրենիք եւ արդեն փորձում եմ կյանքի կոչել դրանք: Իհարկե, արդեն կան մի շարք պլաններ կապված նոր երգերի ձայանագրությունների եւ գործիքավորումների, համերգների հետ, բայց առաջին հերթին կզբաղվեմ նոր տեսահոլովակովս, որի նկարահանումները գուցե եւ սկսենք հանգստայան օրերին: Պետք է ասեմ, որ երգը, որի հիման վրա պատրաստվում ենք նկարահանել տեսահոլովակը, ամբողջովին նոր եւ դեռ չլսված է, այն շատ պոզիտիվ է, գունավոր եւ հիշվող: Երգի երաժշտության եւ խոսքերի հեղինակը ես ինքս եմ, պետք է նկատեմ, որ այն գրել եմ Իսպանիայում, իսկ գործիքավորման եւ ընդահանուր պրոդյուսինգի աշխատանքները արվել են Լոս Անջելեսում՝ Արտեմ Վալտերի կողմից»,- նշեց Աստղիկն ու ընդգծեց, որ նոր տեսահոլովակի վրա աշխատելու է ռեժիսորական մեծ թիմ:
Երգչուհին հայտնեց նաեւ, որ առաջիկայում համերգային նախագծերի շուրջ պատրաստվում է մի շարք համագործակցությունների, բացի այդ, առաջիկա տեսահոլովակից զատ, արդեն նախատեսել է Երեւանում նկարահանել եւս մեկ տեսահոլովակ, որի մասին երգչուհի կմանրամասնի առաջիկայում:
Բավականին երկար ժամանակ է, ինչ երգչուհին հարաբերական դադարի շրջանում էր գտնվում, այս առումով Աստղիկը զրույցի ընթացքում վստահեցրեց. «Ես վստահեցնում եմ, որ «հարաբերական դադար»-ից հետո նոր երգս իմ կողմից կլինի վերադարձի «բարեւ»,- նշեց նա եւ պատմեց այս դադարի ընթացքում իր վրա ներգործաց ազդեցությունների մասին,- տեւական ժամանակահատված այլ միջավայրում ապրելով, ժամանակի ընթացքում տարբեր իրավիճակներից ելնելով՝ բոլորս էլ ինչ-ինչ փոփոխություններ ենք զգում մեր մեջ. նոր մոտեցումենր, նոր երաժշտական մտահղացումներ են առաջ գալիս, որոնք մեծապես արտահայտվում են երգերիս եւ աշխատանքիս մեջ, ինչը նորմալ է, կարեւորը, որ երաժշտությունս որակային տեսանկյունից չի տուժել, այլ հակառակը՝ ավելի նոր մտքերով, գաղափարներով, մոտեցումներով է համալրվել»:
Չորս տարի առաջ եւ այսօրվա Հայաստանում եւ հատկապես այստեղ ապրող մարդկանց կյանքում ու մտածելակերպում կատարված փոփոխությունների վերաբերյալ Աստղիկը կիսվեց իր ընկալումներով. «Փոփոխություններ կան եւ դրանք շատ են եւ լավ առումով, եւ վատ: Լավ է, որ երիտասարդությունը ավելի ազատ եւ կրեատիվ է դարձել: Նկատում եմ, որ գենդերային հավասարությունն այստեղ դեռ արտահայտված չէ, ինչը չես ասի եվրոպացիների դեպքում: Ցավոք սրտի, շատացել է սուտը, եւ պակասել է անկեղծությունը: Չգիտեմ դա ինչի հետեւանք է, բայց ենթադրում եմ, որ սա իր ենթապատճառներն ունի, այնպես որ, կարծում եմ, միայն արդյունքով դատելն էլ ճիշտ չէ»,-Life.panorama.am-ի հետ զրուցում նշեց երգչուհին:
Իսկ վերջում խոսելով Եվրոպայի առաջատար պետություններից մեկում՝ Իսպանիայում ապրելուց հետո Երեւանում իր համար առաջացած անհարմարությունների մասին՝ Աստղիկ Սաֆարյանը ընդծեց. «Հայաստանից դուրս երկար ապրելս ինձ փոխել է՝ սկսել եմ ավելի պրակտիկ վերաբերվել ամեն ինչին՝ մի կողմ դնելով զգացմունքայնությունս, սկսել եմ առաջնորդվել միայն բանականությամբ եւ էմոցիոնալ դաշտիս դուռը բացել միայն ամենամտերիմ մարդկանց առջեւ, բայց չեմ կորցրել անկեղծությունս թե աշխատանքիս, եւ թե հանդիսատեսիս հանդեպ: Հայաստանում ինձ ուժեղ եմ զգում, ինձ տանն եմ զգում, ինչն ինձ էներգիա է տալիս եւ շարժառիթ հանդիսանում ավելի շատ աշխատելու եւ ավելի նոր աշխատանքներ ներկայացնելու համար»:



