ՄԱԿ-ում Իրանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել խղճի բանտարկյալներին
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ում Իրանի իշխանություններին կոչ են արել ազատ արձակել խղճի բանտարկյալներին ու անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել նրանց, ովքեր հացադուլ են հայտարարել։ Մի շարք իրանցի ակտիվիստներ ու իրավապաշտպաններ, որոնք ազատազրկման են դատապարտված, հացադուլ են հայտարարել՝ բողոքելով իրենց ապօրինաբար ձերբակալելու դեմ։ Նրանցից մի քանիսի առողջական վիճակը ծանր է։
ՄԱԿ-ի՝ Իրանում մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ասմա Ջահանգիրը նշել է, որ այդ մարդիկ բանտում են հայտնվել միայն այն բանի համար, որ օգտվել են խոսքի ազատության ու խաղաղ հանրահավաքների իրենց իրավունքից։ Նրա խոսքով այդ մարդկանց հանդեպ դատավարությունները խախտումներով են ընթացել, իսկ մեղադրանքներն էլ անորոշ են։ Ասմա Ջահանգիրը շեշտել է, որ այդ մարդիկ ստիպված են իրենց կյանքը վտանգել, որ վիճարկեն դատավճիռների օրինականությունը։
ՄԱԿ փորձագետը շեշտել է, որ բոլորովին վերջերս նախագահ Հասան Ռոհանին ստորագրել է քաղաքացիների իրավունքների մասին խարտիան, այդ իսկ պատճառով նա իշխանություններին կոչ է արել ազատ արձակել նրանց, ովքեր խաղաղ ճանապարհով են պաշտպանում երկրում մարդու իրավունքները։



