Նրանք ծնվել են Անկախության օրը
ИНТЕРВЬЮ
Շատերի համար սեպտեմբերի 21-ը միայն Անկախության օր չէ: Ինչպես տարվա 365 օրերից յուրաքանչյուրը,սեպտեմբերի 21-ին էլ տարբեր մարդիկ նշում են իրենց ծննդյան օրը: Past.am-ը զրուցել է նրանցից մի քանիսի հետ:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, ԱԺ 4-րդ գումարման պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հիշում է, որ այդ ժամանակ արդեն համագործակցում էր մեր Գերագույն խորհրդի Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի հետ: Հանձնաժողովում էին Սեյրան Բաղդասարյանը, Սուրեն Զոլյանը և Ղարաբաղից ընտրված այլ պատգամավորներ:
«Հիշենք, որ սեպտեմբերի 2-ին էլ հռչակվել է Արցախի անկախությունը: Եկե՛ք մեկը մյուսից անջատ չդիտարկենք: Մենք շատ ոգևորված էինք, բայց խիստ հակասական զգացողություններով: Հիշեցնեմ, որ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները եղել է միասնական՝ Արցախ-Հայաստան, իսկ արդեն անկախության հանրաքվեն՝ անջատ: Կար շատ մեծ ոգևորություն, բայց եղել են նաև վեճեր, որոշակի տարաձայնություններ: Մի մասը կարծում էր, որ հանրաքվեն պետք է Արցախի հետ միասնական լինի: Ահա այդպիսի հակասական իրավիճակ էր տիրում սեպտեմբերին»,- պատմեց տիկին Ալավերդյանը:
Անդրադառնալով հանրաքվեի ընտրության օրվան՝ մեր զրուցակիցն ասաց. «Սեպտեմբերի 21-ի հետ կապված էլ ասեմ, որ դրանից առաջ եղավ նիստ ՀՀՇ-ի և մյուս կուսակցությունների մասնակցությամբ, որում պետք է որոշվեր հանրաքվեի օրը: Այդ օրը կարող էր լինել նաև սեպտեմբերի 28-ը՝ սեպտեմբերի վերջին կիրակին: Արդեն գաղտնիք չէ, որ ամուսինս պատգամավոր էր: Նա վերջին կիրակիի փոխարեն առաջարկեց, որպեսզի նախավերջին կիրակի՝ սեպտեմբերի 21-ին լինի հանրաքվեն: Ես պետք է պարծենամ, որ կինն եմ մի մարդու, ով անչափ համեստ է, նրա համար Անկախությունը կյանքի նպատակներից էր:
Ամուսինս եկավ տուն և ասաց. «Քեզ այնպիսի նվեր ունեմ, որ ոչ մեկը չի կարող անել: Քո ծննդյան օրը լինելու է անկախության հանրաքվեի օր»: Վերին աստիճանի անձնական ընտանեկան և ազգային գործոնների միաձուլում ստացվեց: Ինձ համար այդ օրն իսկապես մեծ տոն է»:
Հայ ազգային կոնգրես կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նույնպես այսօր նշում է իր ծննդյան օրը: Տարիքից ելնելով՝ 1991 թվականին քաղաքականությամբ չէր զբաղվում:
«13 տարեկան էի, հրաշալի գացողություններ ունեի: Ինձ համար մեծ նվեր էր, երբ իմացա, որ 21-ին պետք է լինի հանրաքվեն»,- հիշում է Մուսինյանը: Մեր հարցին՝ ի՞նչ մարտահրավերներ կան այսօր անկախության համար, ՀԱԿ խոսնակը պատասխանեց. «Մեր երկրի գլխին իշխում է մի ռեժիմ, որն ուզում է մսխել մեր անկախությունը: Դրանից լուրջ մարտահրվեր կարո՞ղ է լինել»:
Լրագրող, մեր գործընկեր Ազատուհի Արասխանյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին: Անվան ընտրությունն էլ խորհդանշական է: Ազան նշում է, որ Անկախության օրը ողջ հայության համար մեծագույն տոն է: Մեր զրուցակիցը պատիվ և կրկնակի ուրախություն է համարում ծնված լինել Անկախության օրը:
Հարցին՝ որքանո՞վ է անձնական և մասնագիտական գործունեության մեջ զգում անկախության գործոնը, մեր գործընկերը պատասխանեց. «Անկախության գործոնը որպես կրկնակի իմաստ` անձնապես ազատ և որպես անկախ պետության քաղաքացի, արտահայտվում է իմ կյանքի բոլոր ոլորտներում, լինի անձնական, աշխատանքային, թե մասնագիտական: Ապրել մի պետությունում, ունենալ աշխատանք, ունենալ ազատ խոսքի իրավունք, ընտրության իրավունք` բոլոր առումներով, սրանք այն գործոններից են, որոնք փաստում են Հայաստանի անկախությունը»:
Այսօր մեր բազմաթիվ հայրենակիցներ նույնպես նշում են իրենց տարեդարձը: Անհնար կլիներ բոլորին անդրադառնալը:
Past.am-ը շնորհավորում է ոչ միայն այդ մարդկանց, այլև ողջ հայության տոնը:
Լևոն Փանոսյան




















































