Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 24 օր է չի դադարեցնում հացադուլը
ОБЩЕСТВО«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը, ով դեկտեմբերի 15-ից անժամկետ հացադուլ է հայտարարած, մինչ օրս չի դադարեցրել այն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը:
«Պաշտպանյալիս տեսակցել եմ այսօր, նա հացադուլը չի դադարեցրել և դադարեցնելու մտադրություն չունի: Ասում է՝ մինչև վերջ շարունակելու եմ, անգամ ասում է, որ առաջիկայում նաև ջրադուլ կհայտարարի»,-ասաց պաշտպանը:
Հարցին, թե առողջական խնդիրներ չունի՞, Արայիկ Պապիկյանն ասաց, որ Ներսես Պողոսյանը հայտնել է, որ ճնշումն 90/60 է, նաև դժվարանում է խոսել, հյուծված է:
Նշենք, որ Ներսես Պողոսյանի խոսքով՝ ինքն ապօրինի է կալանավորված և պահանջում է փոխել խափանման միջոց կալանավորումը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը:



