Ինչպե՞ս ազատել տունը տհաճ հոտերից
ЛАЙФԲոլորս էլ նկատել ենք, որ յուրաքանչյուր տուն կամ բնակարան իր ուրույն հոտն ունի: Եվ այդ հոտերը տարբեր են. ուտելիքի, տնային կենդանիների, ծխախոտի, նայած՝ ինչ նախասիրությունների տեր են այդ տան բնակիչները: Ի դեպ, ծխախոտի հոտը ներծծվում է ամեն ինչի մեջ՝ հագուստից մինչև գորգեր:
• Տան բնակիչները սովորում են այդ հոտին և ամենևին չեն զգում: Բայց ձեզ այցելած հյուրերի համար տան տհաճ հոտը կարող է ձեր և ձեր բնակարանի մասին բացասական տպավորության պատճառ դառնալ:
• Անախորժ հոտից ազատվելու ամենատարրական միջոցը տարածքը մշտապես օդափոխելն է և թարմացնող միջոցներ օգտագործելը: Որպեսզի հոտը չներծծվի տան կահույքի, գորգերի, վարագույրների և հագուստի մեջ, հաճախակի խոնավ մաքրություն արեք: Կահույքն ու գորգերն անուշահոտ ջրով ցողեք, իսկ հագուստի պահարաններում անուշահոտ սրվակներ դրեք: Դա ոչ միայն կազատի պահարանի իրերը վատ հոտերից, այլև հաճելի բույր կհաղորդի ձեր իրերին:
• Ձմռանը, որպեսզի պատուհան բացելով ձեր առողջությանը չվնասեք, անձեռոցիկի վրա մի քանի կաթիլ նարդոսի (լավանդա) յուղ կաթեցրեք և կախեք խոհանոցի պահարաններից մեկի դռան վրա: Նարդոսի հոտը կչեզոքացնի պատրաստված ճաշերի հոտը:
• Եթե ձեր միկրոալիքային վառարանից տհաճ հոտ է գալիս, մաքրեք այն կիտրոնով, միկրոալիքային վառարանի մեջ դրեք կիտրոնահյութով լցված բաժակ և կես րոպե միացրեք այն ամբողջ հզորությամբ: Եթե ձեզ այնքան էլ դուր չի գալիս կիտրոնի հոտը, օգտագործեք նարնջի կեղևը, պտտեցրեք նարնջի կեղևը վառարանում 2 րոպե և թողեք, որ գիշերը մնա մեջն անջատված վիճակում:
• Եթե ձեր ընտանիքը սիրում է ձուկ ուտել, իսկ ձեր ամանեղենն ու հագուստը ձկան հոտի զոհ են դառնում, լվացեք դրանք՝ ջրի մեջ ավելացնելով քացախ կամ կիտրոն: Իսկ ձեռքերից ձկան հոտն անցկացնելու համար բավական է ափերը տրորել սուրճի հատիկով:
• Վատ հոտ է գալիս սառնարանի՞ց. սառնարանի ներսում կերակրի սոդայաջրով լցված բաժակ դրեք: Այս միջոցը կօգնի երկար ժամանակով ազատվել այդ խնդրից: Իսկ եթե սառնարանի մեջ ուրցի փոքրիկ ճյուղ դնեք, այն լեռնային անուշահոտություն կտարածի:
• Որպեսզի հագուստը մշտապես թարմությամբ բուրի, կարող եք արդուկի ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի անուշահոտ յուղ ավելացնել:
• Տան մեջ հաճելի բույր տարածելու համար կարող եք նաև անուշահոտ բամբուկներ կամ անուշահոտ յուղեր վառել: Բայց այս հարցում անհրաժեշտ է չափազանց զգուշավոր լինել, չչարաշահել դրանք, չընտրել չափից ավելի սուր հոտեր: Եվ ամենակարևորը՝ օգտագործեք դրանք միայն նախապես օդափոխված տարածքում:



