Եզդիների ազգային միավորման նախագահը խաղաղություն, բարեկեցություն, միասնություն է մաղթում Հայաստան աշխարհին
ОБЩЕСТВО«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը «Շնորհավոր Ամանորն ու Սուրբ Ծնունդը» վերտառությամբ շնորհավորական ուղերձում խաղաղություն, բարեկեցություն, միասնություն է մաղթում Հայաստան աշխարհին։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուղերձում նշված է. «Երջանիկ, բարեկեցիկ և ապահով լինելու իրավունքը բոլորս ունենք, բայց միաժամանակ յուրաքանչյուրս անելիք ու պարտք էլ ունենք մեր Հայաստան Հայրենիքի հավիտենության գործում: Թող մեր հավատը սեփական ուժերի և ապագայի նկատմամբ մշտապես զարգացում ապրի, Աստծո կողմից ապավինվի։ Առկա սահմանադրական բարեփոխումները և ցանկացած բարեփոխում թող աջակցի ժողովրդավարության էլ ավելի կայացմանը մեր Հայրենիքի, մեր ժողովրդի ինքնությանն ու հարատևությանը, մեր քաղաքացիների բարեկեցությանը, մեր հաստատուն տեղին ու դերին ողջ աշխարհում, համընդհանուր արդարության, հավասարության, ճշմարտության գործում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասար է պետության և Աստծո առջև, ունի հավասար հնարավորություններ, ուրեմն ընդունենք պատասխանատվությունը մեր պետության հանդեպ և վճռական գնանք դեպի այնպիսի ապագա, որ յուրաքանչյուրս վստահ լինի, որ հավերժ կարժանանա Հայաստան պետության ուշադրությանը, հարգանքին ու պաշտպանությանը:
Կայունություն, հզորություն, անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն, միասնություն Հայաստան Աշխարհին:
Առողջություն, երջանկություն, հաջողություն, հարատևություն Հայաստանի ժողովրդին և ամբողջ աշխարհի մարդկությանը:
Շնորհավոր մեր բոլորի Ամանորը»:



