Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհը բաց է
ОБЩЕСТВОՀերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհը դեկտեմբերի 29-ի դրությամբ արդեն բաց է: Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.43-ին տեղեկություն էր ստացվել, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է մոտակայքի էլեկտրասյուներից մեկը, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, և հոսանքազրկվել են Հերմոն և Գողթանիկ գյուղերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Հերմոն-Գողթանիկ միջհամայնքային ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 30 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհի երթևեկելի մասում թափվել են տարբեր մեծության 15 ժայռաբեկոր), ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, վնասվել է հարակից էլեկտրասյուներից (6000 ԿՎտ) մեկը, ինչի հետևանքով հոսանքազրկվել են Հերմոն և Գողթանիկ գյուղերը:
Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը սահմանազատել է տարածքը, իսկ էլցանցի վթարավերականգնողական խումբը վերականգնել է Գողթանիկ համայնքի էլեկտրամատակարարումը: Նախատեսվել էր ճանապարհի մաքրման և Հերմոն համայնքի էլեկտրամատակարարման աշխատանքներն իրականացնել դեկտեմբերի 29-ին:



