Դադարեցվել են ՌԴ պաշտպանության նախարարության բոլոր Տու-154-երի թռիչքները. «Ինտերֆաքս»
МЕЖДУНАРОДНОЕՍև ծովում Տու-154 ինքնաթիռի կործանումից հետո ՌԴ պաշտպանության նախարարության կողմից շահագործվող այդ տեսակի բոլոր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են: Այդ մասին հայտնել է interfax.ru-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Թռիչքների դադարեցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառները պարզելը:
«Տու-154-ի ավիավթարի առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել այդ տեսակի ինքնաթիռների թռիչքները՝ մինչև հետաքննության ավարտը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ այդ որոշումը զգալիորեն չի անդրադառնալու օդային փոխադրումների վրա, քանի որ այժմ շահագործման մեջ է գտնվում այդ տեսակի ինքնաթիռների միայն սահմանափակ քանակություն:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում դեկտեմբերի 25-ի առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:



