Հանձնաժողովը քննարկել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հետ կապված հարցեր
ОБЩЕСТВО: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
ողջունելով նիստի մասնակիցներին` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է կամավորական շարժման դերակատարությունն ինչպես Արցախյան ազատամարտի տարիներին, այնպես էլ ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայրենիքի պաշտպանությանը կամավոր զինվորագրված հայորդիներին ըստ արժանվույն գնահատելու անհրաժեշտությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակի տրման ընթացակարգի հետ կապված օրենսդրական և իրավական մի շարք հարցեր և հանձնաժողովին ներկայացված առաջարկներ, մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման դրույթներին ու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին առնչվող խնդիրներ, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները:



