Ամանորյա սեղանի ամենատարածված ուտեստներն են տոլման, խոզի բուդը, նրբաբլիթը. հարցում
ОБЩЕСТВОԱմանորյա սեղանի ամենատարածված ուտեստը տոլման է: Tert.am-ի հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ մեջբերելով իրենց կողմից անցկացված նոր հարցման տվյալները:
66 տոկոսն, ըստ հարցման, ամանորյա սեղանին տոլմա է դնելու, 57 տոկոսը՝ խոզի բուդ, 56 տոկոսը՝ նրբաբլիթ, 20 տոկոսը՝ քյուֆթա:
Աղցանների շարքում առաջատար է «մայրաքաղաքային աղցանը». հարցվածների 74 տոկոսն, ըստ հարցման, իրենց սեղանին հենց այս աղցանն է դնելու, 31 տոկոսը՝ հավի կրծքամսով, 17 տոկոսը սնկով, 12 տոկոսը՝ կեսար:
Որպես թխվածք՝ հարցվածների մեծամասնությունը ամանորյա սեղանին գաթա է դնելու (53 տոկոս), փախլավա է դնելու՝ 47 տոկոսը, 30 տոկոսը՝ նապոլեոն, իսկ 25 տոկոսը՝ էկլեր:
Ամանորյա սեղանի տարածված խմիչքները՝ օղին ու գինին են: Առաջատարը՝ 85 տոկոսով օղին է, 78 տոկոսով՝ գինին: Հաջորդիվ՝ կոնյակն է, շամպայնը, ապա լիկյորը:
Հարցվածների 89 տոկոսը նշել է, որ պատրաստվում է նոր տարին դիմավորել տանը՝ քաղաքում, 3 տոկոսը՝ երկրից դուրս, նույնքանը՝ ազգականների տանը և միայն 2 տոկոսն է նշել, որ ամանորը դիմավորելու է սրճարանում կամ ռեստորանում:
Հարցման արդյունքներից պարզվել է, որ մեծամասնությունը ամանորյա նվերներ է գնում ընտանիքի անդամների համար (81 տոկոս), ազգականների համար նվեր է գնում 36 տոկոսը, ընկերների համար՝ 27 տոկոսը, իսկ կոլեգաների համար՝ 14 տոկոսը:
Հետաքրքիր արդյունքներ կան նվերների վերաբերյալ: Հարցվածների 41 տոկոսն ասել է, որ խաղալիք է նվիրելու, սակայն, միայն 1 տոկոսն է նշել, որ կցանկանա որպես նվեր խաղալիք ստանալ: 36 տոկոսը նշել է, որ հագուստ ու կոշիկ է նվիրելու, 15 տոկոսն էլ որպես նվեր ակնկալել է հագուստ ու կոշիկ: 7 տոկոսը նշել է, որ նվիրելու է հեռախոս (սմարթֆոն), իսկ 14 տոկոսը ցանկություն է հայտնել, որ իրենց ամանորին նվիրեն սմարթֆոն հեռախոս: Ի դեպ՝ հարցվածների 5-ական տոկոսը ցանկություն ունի, որ իրենց նվիրեն կենցաղային տեխնիկա, գումար և ավտոմեքենա, սակայն, որևէ մեկը չի նշել, որ այս նվերներից մեկը պատրաստվում է նվիրել:
Ի դեպ, մեծամասնությունը ամանորյա թոհ ու բոհը հաճելի զբաղմունք է համարում:



