Ժողովուրդը կտրականապես դեմ է տարածքներ հանձնելուն` ապրիլն ու «Սասնա ծռերը» դրան վկա. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր հյուրն է հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը
– Առաջին նախագահն իր վերջին ելույթում կրկին բարձրացրեց տարածքների հանձնման հարցը: Ընդ որում, նա նշեց, որ հասարակության մեծ մասը համամիտ է իր հետ` տարածքները տանք և հանգիստ ապրենք, զարգանանք: Հասարակությունն իր մեծամասնության մեջ իսկապե՞ս հոգեբանորեն պատրաստ է տարածքներ հանձնել:
– Բացարձակապես ոչ: Եթե իրապես նման հարց առաջանա, նախագահ լինի, վարչապետ, թե մեկ ուրիշը, այդ մարդուն նույն ճակատագիրը կսպասի, ինչ տեղի ունեցավ 1998–ին Լ. Տեր–Պետրոսյանի հետ: Այսօրվա դրությամբ այդ հարցը ոչ Ադրբեջանի ժողովուրդը, ոչ էլ մենք պատրաստ չենք լուծելու: Դրա համար տարիներ են պետք: Իսկ եթե հանկարծ գնան կտրուկ քայլերի, այն է` տարածքներ հանձնելուն, մեծ բունտ կլինի: Ժողովուրդը կատեգորիկ դեմ է: Իսկ իր այդ խոսքով Տեր–Պետրոսյանն ուղղակի ցույց տվեց, որ անտեղյակ է ժողովրդի դիրքորոշմանը: Նա արտահայտում էր միայն իր ցանկությունը: Ուրիշ ոչինչ:
– Թերևս տարածքներ զիջելուն դեմ լինելը վկայեց նաև ապրիլը:
– Ապրիլն ընդհանրապես խեղդեց այդ հարցը: Որքան նոր զոհեր լինեն, խնդիրներ առաջանան, այդքան այդ հարցն ավելի կփակվի: Որովհետև ամեն անգամ վրեժի, արյուն թափելու նոր բռնկումներ կլինեն: Նույնը ցույց տվեց ՊՊԾ գնդի գրավումը: Այն ժամանակ էլ նման խոսակցություններ կային: Ու «Սասնա ծռերի» քայլերը արձագանք էին նաև տարածքները հանձնելուն: Ու եթե նորից այդ հարցը բարձրանա, ավելի մեծ բունտ կլինի, հարցը շատ ավելի կտրուկ և սուր կդրվի:
– Բայց գաղտնիք չէ, որ բանակցությունների սեղանին դրված է «տարածքներ` կարգավիճակի դիմաց» բանաձևը: Այս մասին անընդհատ խոսելով` փորձում են հասարակության ականջը սովորեցնե՞լ դրան, նախապատրաստե՞լ:
– Բոլոր դեպքերում դա տարիների բան է: Մյուսը` օրակարգում շատ հարցեր կարող են լինել: Բայց ո՞վ կհամաձայնի: Եթե անգամ Ադրբեջանը ճանաչի ԼՂ անկախությունը, մեր ժողովուրդը էլի չի ճանաչի, չի ընկալի տարածքների հանձնման հարցը:
– Առաջին նախագահն իր խոսքում նաև նշեց, որ ժողովուրդն ավելի շատ գնահատում է նրան, ով իրեն խաղաղություն է պարգևում: Այդ բանաձևը մեր դեպքում չի՞ գործում:
– Ախր, կարգավիճակի դիմաց տարածք տալ Ադրբեջանի նման անկանխատեսելի մի երկրի, որը կարող է նույնիսկ անկախությունը ճանաչելուց հետո էլ հարձակվել: Տարածքներ հանձնելու կողմնակիցներին թվում է` թուրքը, ունենալով իր հոգեբանությունը, ասելու է` լավ, տարածքները տվեցիք, հիմա խաղաղություն ենք հաստատելու, դրանից հետո ախպեր ենք դառնալու: Մեկը վերցրեց, մյուսն է ուզելու:
Բայց եթե անգամ պատկերացնենք, որ մենք համաձայն ենք տարածքները վերադարձնել, Ադրբեջանը դրան դեմ է լինելու: Ալիևը գոյություն ունի ԼՂ պատերազմի շնորհիվ: ԼՂ հարցի լուծված չլինելու արդյունքում նա կա: Հերիք է այդ խնդիրը լուծվի, ավտորիտար ռեժիմների հարցը շատ արագ, նույնիսկ մի քանի ամսում ինքնաբերաբար կլուծվի: Դրա համար Ալիևին ձռնտու է, որ այդ հարցը մնա չլուծված: Նրան էլ ձեռք չի տալիս տարածքների հանձնումը և խաղաղության հաստատումը:
– Փաստորեն մեր հասարակությունն ավելի շատ է կարողացել իր մեջ պահել հաղթողի հոգեբանությունը, քան քաղաքական համակարգը:
– Քաղաքական գործիչները, ի մասնավորի Լ. Տեր–Պետրոսյանը, վաղուց է տարածքների հարցը բարձրացրել: Նրա հրաժարականի գլխավոր պատճառներից մեկն էլ դա էր: Իր վերջին ելույթով նա ուղղակի ցանկանում էր ցույց տալ, որ տարիներ շարունակ չի փոխել իր կարծիքը: Գուցե իշխանության մեջ էլ «խաղաղասերներ» լինեն, բայց նրանք շատ քիչ կլինեն: Այսօր իշխանական համակարգի 90–95%–ն էլ պատրաստ չէ նման քայլի: Ի վերջո, այդ տարածքները և՛ ԼՂ, և՛ նաև ՀՀ–ի անվտանգության գարանտն են:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



