Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո նոր թափ են առել գյուլենականների եւ PKK անդամների ձերբակալությունները
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի գլխավոր դատախազության պահանջով Անկարայում` գյուլենական լինելու մեղադրանքով, ձերբակալվել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նախկին խորհրդականը` Ֆաթիհ Գյուրսելը:
Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
Ֆաթիհ Գյուրսելի հետ ձերբակալվել են Ստամբուլի համալսարանի եւս 15 աշխատակիցներ, որոնց բջջային հեռախոսներում նույնպես հայտնաբերվել է գյուլենականների գաղտնի հաղորդակցման միջոց համարվող ByLock բջջային հավելվածը:
Գյուլենական լինելու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել են նաեւ Թուրքիայի ոստիկանության ֆինանսական հանցագործությունները քննող վարչության 8 անդամներ:
Իզմիրի դատախազության կողմից ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների արդյունքում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու մեղադրանքով ձերբակալել է Իզմիրի նահանգի Աղրը քաղաքի քաղաքապետ Մուքադդես Քուբիլայը եւ եւս 14 քաղաքացի, որոնք մեղադրվում են սոցկայքերում PKK-ի պրոպագանդա անելու մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ Անկարայում դեկտեմբերի 19-ին ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության կազմակերպիչները գյուլենականներն են:
2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում Թուրքիայում զանգվածային գործողություններ են ընթանում գյուլենականներին բացահայտելու եւ ձերբակալելու ուղղությամբ, քանի որ ինչպես ՌԴ դեսպանի սպանության, այնպես էլ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Պաշտոնական Անկարան մեղադրում է գյուլենականներին:
ՌԴ դեսպանի սպանությունից հետո Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով կատարվող ձերբակալությունները նոր թափ են ստանում:



