Թուրքիան Ադրբեջանին երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու առաջարկ է արել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան Ադրբեջանին պաշտոնապես առաջարկել է երկկողմ առևտուրն իրականացնել ազգային արժույթներով:
Այս մասին հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:
Թուրքիայի մաքսային եւ առեւտրի նախարար Բյուլենթ Թուֆենքջին Trend լրատվականի հետ զրուցում ասել է. «Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ առեւտրի ազգային արժույթներով իրականացումը կնպաստի եւ տնտեսական աճին եւ երկու երկրների միջեւ առկա առեւտրի ամրապնդմանն ու կայունացմանը»:
Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալը 2014-ին 2,9 մլրդ դոլար է, 2015-ին ` 2 մլրդ դոլար, իսկ Ադրբեջանից Թուրքիա ներկրման ծավալը 2014-ին` 291 մլն, 2015-ին` 232 մլն դոլար:
2014-ին Ադրբեջանում Թուրքիայի կողմից ներդրումների ծավալը կազմել է 1,9 մլրդ դոլար, իսկ 2015 թվականին, երբ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամը խորացել էր, այդ թիվը կազմել է 276 մլն դոլար:
2016 թվականի 10 ամիսների ընթացքում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը 1 մլրդ 826 մլն 861,84 հազար դոլար էր:
Ադրբեջանի ընդհանուր առևտրաշրջանառության 12,91 տոկոսը բաժին է ընկնում Թուրքիայի հետ առեւտրին:
Թուրքիայի ֆինանսների նախարարությունը Ադրբեջանի հետ երկու երկրների միջեւ առևտուրը ոչ թե դոլարով եւ եվրոյով, այլ իրենց ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ բանակցությունները սկսել էր դեռեւս դեկտեմբերի սկզբին:



